Փաշինյանը հիասթափեցրեց շատ շատերին․ հեղափոխությունը կանգ առավ․ Եղիշե Պետրոսյան

Աշխարհը գիտի,որ մենք պառլամենտական ենք միայն թղթերով
Եղիշե Պետրոսյան նիկոլ փաշինյան

Ցավոք պետք է կրկնվեմ: Թավշյա ձևակերպված հեղափոխությունը, որպես համահայկական մասշտաբի հասունացած պահանջ, անշուշտ իրականացվեց հենց համահայկական ընդվզման արդյունքում: Պահանջը շատ հստակ էր՝ հիմնահատակ փոխել երկրի համար արդեն պատուհաս դարձած, բառիս բուն իմաստով, քրեաօլիգարխիկ համակարգը: Անցած երկու տարիների հեռավորությունից ակնբախ են դառնում մի շարք կոպտագույն սխալներ և բացթողումներ, որ թույլ տվեց իրեն հեղափոխությունը առաջնորդած Նիկոլ Փաշինյանն իր թիմով:

Առաջինը՝ նա հիասթափեցրեց շատ շատերին՝ փաստացի առաջնորդի առաքելությունը փոխարինելով ընդամենը կուսակցապետի աստիճանաբար խամրող դերով։ Այս մասին Armlur.am կայքի հետ զրույցում ասել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն՝ անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական մի շարք հարցերի։

Հարցին՝ ի՞նչպես է արձագանքում Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն և միաժամանակ կդադարեցվի նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ, Եղիշե Պետրոսյանն ընդգծել է․ «Ընտրություններին գնաց հին օրենսգրքով, որի արդյունքում Ազգային ժողովը չի ներկայացնում հասարակության բոլոր շերտերը: Նաև՝ իր կուսակցությամբ ապահովելով ճնշող մեծամասնություն , թե՛ իրեն անձամբ, թե՛ երկիրը դարձրեց խոցելի, և զրկեց մեզ միջազգային հարթակներում երբեմն խուսանավելու հնարավորությունից: Աշխարհը գիտի,որ մենք պառլամենտական ենք միայն թղթերով և անցանկալի պահանջները ներկայացվում են անձամբ վարչապետին»։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները, վերջինս նկատել է, որ նորաստեղծ Ազգային ժողովը սուսիկ-փուսիկ շրջանցել է նախորդների գործունեությանը քաղաքական գնահատական տալն, ապա և  անցումային արդարադատության կիրառումը:

«Փոխարենը ներդրվեց գոնե ինձ համար անհասկանալի, նաև անընդունելի տառակերության մշակույթը: Ես այսպես եմ ընկալում, եթե հեղափոխությունը օրենքի տառին համապատասխան չէր, ապա ինչու՞ մնացած հարցերում հանկարծ օրինապաշտություն սկսվեց: Համոզված եմ՝ իրավունքը օրենքից վեր պետք է լինի: Չարվեց այդպես: Ուրեմն հեղափոխությունը սկսվեց և անմիջապես էլ կանգ առավ: Մենք հիմա անավարտ հեղափոխության ճահճի մեջ ենք, ո՛չ խեղդվում ենք, ո՛չ էլ դուրս գալիս այնտեղից: Ցավոք, այն ավելի խորանալու նշաններ է ցույց տալիս…»,-եզրափակել է Եղիշե Պետրոսյանը։