Քոչարյանի պաշտպանների ՍԴ դիմումը հետ վերցնելուց հետո՝ ԼՀԿ-ն ոչինչ չունի անելու, քան շատ արագ տրամադրել անհրաժեշտ ստորագրությունները

ՍԴ որոշումով կարող էր փակվել ամբողջ քրեական գործը

Ողջունում եմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր փաստաբանական թիմի նախաձեռնությունը, սա բավական համարձակ քայլ էր իրենց կողմից, ՍԴ որոշումով կարող էր փակվել ամբողջ քրեական գործը, որովհետև, հաշի առնելով Վենետիկի հանձնաժողովի, նաև ՄԻԵԴ-ի կողմից տրված խորհրդատվական կարծիքները, այլ բան, քան 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելը, չուներ դատարանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինայնը:

«Նախ ասեմ՝ բարոյական չեմ համարում «Լուսավոր Հայաստանի» այն պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշման հիմքով իրենք հրաժարվում են տալ այն ստորագրությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում պետական և սահմանական կարգը վերականգնելու և Հայաստանում իրավական պետությունը երաշխավորելու համար»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ԼՀԿ-ն պարզաբանում տվեց՝ ասելով, որ չեն ցանկանում որևէ քաղաքական ուժի շահերը սպասարկել՝ ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների, դրա համար իրենց քայլը ճիշտ է, Ղազինյանն ասաց. «Ես այստեղ բացարձակ չեմ ընդունում այդ պնդումը, դա շատ պարզունակ մանևր է՝ խուսափելու իրական պատասխնատվությունից, խոսքը մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի կամ բևեռի շահերը սպասարկելու մասին չէ, խոսքը ՀՀ ազգային, պետական շահը սպասարկելու մասին է: Իհարկե, այդ կուսակցությունը սիրում է խոսել ազգային, պետական շահի մասին, բայց իրականությունն այն է, որ իրենք այստեղ ընդամենը փորձում են մանիպուլացնել: Չկա այդպիսի շահ, կա Սահմանադրական դատարան, որն իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակին՝ Քոչարյանի պաշտպանական կողմի ՍԴ-ից դիմումը հետ վերցնելուն, ապա Ղազինյանի կարծիքով՝ ԼՀԿ-ն ոչինչ չունի անելու, քան շատ արագ տրամադրել անհրաժեշտ ստորագրությունները, որ հարցը գնա ՍԴ և Հայաստանում վերականգնվի իրավական և պետական կարգը:

«Եթե իրենք առաջնորդվեին ազգային, պետական շահով, նույնիսկ չպետք է այդպիսի նախապայման առաջադրեին, դա բարոյական չէ, Հայաստանի քաղաքական ուժի համար, դա ոչ ճիշտ մոտեցում է: Կա խնդիր, խնդիրը պետք է լուծվի: Եթե մի կողմից դու ասում ես, որ այս ամենը հակասահմանադրական է, բայց չես ուզում քայլ անել Սահմանադրությունն ամբողջապես գործարկելու համար և ասում ես, որ մենք դա կանենք հուլիսի 7-ից հետո, ապա դա նշանակում է՝ դու սպասարկում ես իշխանության այս րոպեի շահը և դառնում ես իշխանության շարունակություն, կցորդ և սպասարկում ես իշխանության նեղ կլանային կուսակցական և մեկ անձի հույզերի բավարարման ռեժիմը»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ փաստորեն հետ վերցնելով ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը,  Քոչարյանի փաստաբանական թիմը շանս տվեց ԼՀԿ-ին՝ հիմա դիմելու ՍԴ, նա արձագանքեց. «Ողջունում եմ երկրորդ նախագահի և իր փաստաբանական թիմի նախաձեռնությունը, սա բավական համարձակ քայլ էր իրենց կողմից, որովհետև այս որոշումով փակվում էր ամբողջ քրեական գործը: Հաշի առնելով Վենետիկի հանձնաժողովի, ապա նաև ՄԻԵԴ-ի կողմից տրված խորհրդատվական կարծիքները՝ այլ բան, քան 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելը, չուներ դատարանը: Հետևաբար՝ նրանք հրաժարվեցին իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի ամբողջական կարճումից հօգուտ և ի բարօրություն ՀՀ իրավական և պետական կարգի: Այստեղ ԼՀԿ-ն ոչինչ չունի անելու, քան անհապաղ տրամադրել այն պակասող ստորագրությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում պետական և իրավական կարգը վերահաստատելու համար»:

Հարցին, թե սահմանադրական փոփոխությունների օրենքը երբվանից է ուժի մեջ մտնելու ու քանի օր է մնում ՍԴ դիմելու համար պատգամավորների ձայների մեկ/հինգերորդով, Ղազինյանն ասաց, որ բավականին խառն է իրավիճակը: «Չեն պահպանվել բավական լուրջ ընթացակարգեր, մասնավորապես, նախագահի կողմից ստորագրված կանոնակարգ օրենքը ավելի ուշ ընդունվեց, քան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրենքը: Սրանից բխում է, և ես պնդում եմ, որ այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մինչև վերջնական ընդունվելը կա´մ պետք է ուղարկվի նախագահին՝ ստորագրելու, կա´մ ՍԴ,  մինչ այդ այս օրենքը ԱԺ նախագահը սահմանադրական որևէ լիազորություն չունի օրենք ստորագրելու համար»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ բայց ունենք մի իրավիճակ, որ նախագիծը ՍԴ չի ուղարկվելու և նախագահն էլ չի ստորագրելու, նա ասաց. «Իշխանություններն իրենց դրել են օրենքից դուրս վիճակում: Ստացվում է, որ եթե չհաջողվեց այս ժամկետների մեջ, այն ժամկետների, որոնք որ իշխանությունը սահմանում է այս օրենքի ուժի մեջ մտնելու համար, իսկ դրանք տարբեր բաներ են, քանի որ կա իրավական ռեժիմ և կա իշխանության ցանկություն, երբ իրենք կհայտարարեն և կասեն, որ այսօրվանից ուժի մեջ է, ապա հետևանքների մասնակի պատասխանատվությունը կրելու է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, իշխանությունը հիմնական պատասխանատուն է, իսկ «Լուսավոր Հայաստանը» կիսելու պատասխանատվության ծանրության բեռը»: