Փաշինյանը դուրս է գալիս դիմակ բաժանելու, մարդիկ չեն էլ ուզում մոտենալ․ Գևորգ Պետրոսյան

«Ինչպե՞ս եք կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին» հարցին Գեւորգ Պետրոսյանը պատասխանել է․ եթե վազելուց բռնեն՝ կկանգնեցնեն

«Լուսավոր Հայստանի» պահվածքի վերաբերյալ դատողություններ չեմ կարող անել, բայց ինձ նրանց պահվածքը զարմացնում է․ ինչո՞ւ հուլիսի 7-ից հետո։ Այս մասին «5-րդ ալիքի»՝ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» ծրագրին հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, նկատի ունենալով, որ ԼՀԿ խմբակցությունը չի միացել ԲՀԿ-ի ստորագրահավաքին սահմանադրության փոփոխության ԱԺ օրենքը ՍԴ-ում վիճարկելու համար, այդ քայլը պայմանավորելով ՍԴ հուլիսի 7-ի նիստով, երբ բարձր ատյանը պետք է վճիռ կայացնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։

«Այս ամենը տեղի է ունենում մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի, կամքով։ «Լուսավորում» էլ, իրենցքայականների մեջ էլ կան կարգին տղաներ, բայց կատարում են նրա կամքը։ Պատասխանատու պահը երբ գալիս է, երբ պետք է խփես, խուսափում են։ Երկրում սահմանադրական կարգը տապալվում է, ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ոտքի է կանգնել այս վիճակը շտկելու համար, ինչո՞ւ եք հետ կանգնում։ Ինքս այդ հարցի պատասխանը չունեմ։ Այդ օրենքով նրանք պետական բյուջեին մեծ վնաս են պատճառում։ ՍԴ անդամները, որոնց ուզում են հեռացնել, դատը շահելու են Եվրադատարանում։ Սա վենդետա է քաղաքական այլախոհների նկատմամբ։ Նրանք ուզում են ՍԴ կազմը փոխել, որպեսզի բերեն իրենց խուժան կոնվենցիաները, Լանզարոտե եւ այլն, անցկացնեն։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հարգանք չունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դա վարչապետի անելիք է՞, 15 րոպեն մեկ եթեր մտնել եւ կորոնավիրուսի տվյալներ հաղորդել, դրանով նա թքում է իր առողջապահության նախարարի երեսին։ Փաշինյանը դուրս է գալիս դիմակ բաժանելու, մարդիկ չեն էլ ուզում մոտենալ։ Մարդիկ արդեն հավատ չունեն քո նկատմամբ, պարոն Փաշինյան։ Պարոնն էլ վերապահումով եմ ասում», ասել է Գեւորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը նշել է, որ իրեն փորձում են ներքաշել վարկաբեկիչ պատմությունների մեջ․

«Իմ հեռախոսին հաղորդագրություններ են գալիս ռնգեղջյուրի, եղնիկի նկարներով աղջիկներից․․․ ամոթ է։ Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է դատական համակարգը ախտահանելուց, առաջին հերթին պետք է Սահմանադրական դատարանը մաքրի մեկ ախտից՝ Վահե Գրիգորյանից, որն այս բոլոր ամիսներին աշխատավարձ է ստացել ոչինչ չանելով։ Դուք չեք ամաչո՞ւմ, այդպիսի թեզ եք մտցնում շրջանառության մեջ, թե մինչեւ ՍԴ կազմը փոխվի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացը չի ապահովվի։ Ձեզ նույնիսկ դրսում չեն հարգում։ Նույնիսկ Ռուսաստան չթողեցին։ Նիկոլ Փաշինյանին վստահաբար թեստ հանձնել են առաջարկել, նա էլ, անհանգստանալով, որ բաներ կբացահայտվեն իր վարակվելու պատմության մասին, խուսափեց գնալ»։

«Ինչպե՞ս եք կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին» հարցին Գեւորգ Պետրոսյանը պատասխանել է․ եթե վազելուց բռնեն՝ կկանգնեցնեն․

«Իրենք իրենց թույլ են տալիս, բայց մենք չենք կարող ապօրինություն թույլ տալ, ԲՀԿ-ն իր քայլը կատարել է եւ մեղք չունի, որ ձայները չեն բավարարում։ Մենք մեր հետագա քայլերը կքննարկենք ու կներկայացնենք ժողովդրին, ոչինչ գաղտնի չենք պահի։  Ժողովուրդն այսօր հացի խնդիր ունի, իսկ իրենք Սահմանադրական դատարանի հետեւից են ընկել։ Երբ դուրս է գալիս եթեր ու անկապ խոսում, թող այդ մասին մտածի», ասել է Գեւորգ Պետրոսյանը։