Ոչ մի րոպե կասկած չունեմ, որ այդ բանն ասելուց հետո Միքայել Մինասյանի մոտ կգտնվեն այդ թղթերի պատճենները

Հիմա Նիկոլ Փաշինյանը լռում է, «ՀԺ»-ի նախկին թղթակից ու ներկա ԻՔ պատգամավոր Հայկ Գևորգյանն էլ «սուխոյ ատկազ» է գալիս, որ ամենատարբեր հաշվարկներով՝ այդ տարիներին Մինասյանից «ՀԺ»-ի խմբագրություն է մտել մինչեւ 2 միլիարդ դրամ կամ 4 միլիոն դոլար գումար

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում եւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի խոստովանությունը, թե ինքը տարիներ շարունակ ֆինանսավորել է «Հայկական ժամանակ» թերթը, անսպասելի էր անգամ նրանց համար, ովքեր նախքան այդ էլ գիտեին, որ Մինասյանի նախկին մոտ ընկեր Արման Սահակյանի «Պրեսստենդ» գործակալությունը տարիներ շարունակ անվերադարձ պայմանագրերով է աշխատում «ՀԺ»-ի հետ։

Նաեւ գիտեին, թե ինչպիսի հետեւողականությամբ են Մինասյանին նախկինում պատկանող (հիմա, դե յուրե՝ վաճառված) ընկերությունները լուսաբանել Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր պատգամավորի ելույթներն Ազգային ժողովում։

Հիմա Նիկոլ Փաշինյանը լռում է, «ՀԺ»-ի նախկին թղթակից ու ներկա ԻՔ պատգամավոր Հայկ Գևորգյանն էլ «սուխոյ ատկազ» է գալիս, որ ամենատարբեր հաշվարկներով՝ այդ տարիներին Մինասյանից «ՀԺ»-ի խմբագրություն է մտել մինչեւ 2 միլիարդ դրամ կամ 4 միլիոն դոլար գումար։ Միքայել Մինասյանի մեղադրանքների ու Նիկոլ Փաշինյանի լռության մասին հարցեր ուղղեցինք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։

- Պարոն Բագրատյան, Միքայել Մինասյանի հայտարարության մասին ի՞նչ կասեք։

- Մինասյանի այս հայտարարությունն ուղղակի խոստովանություն է այն մասին․․․ դա մենք գիտեինք, որ թերթի միջոցով Փաշինյանը տարիներ շարունակ ֆինանսավորում է ստացել։ Հնարավոր է՝ այլ թերթեր էլ են եղել, բայց հայտարարության հեղինակը պնդում է, որ «ՀԺ»-ն եղել է բացառիկ։

- Շատե՞րն այս մասին կասկածներ ունեին, ենթադրում էին Մինասյանի ասածները։

- Ես չեմ ուզում իր հայտարարությունները մեկնաբանել, ես ուզում եմ ասել, որ թերթը, որին ժողովուրդը համարում էր ընդդիմադիր թերթ, պարզվում է՝ գտնվել է իշխանության դոտացիայի տակ։ Այն թերթը, որը մենք կարծում էինք ընդդիմադիր, չնայած անձամբ չէի կարդում, որովհետեւ միշտ շատ պրիմիտիվ հոդվածներ էին․․․ տենց փաստը վերցնում էին, ուռճացնում էին, բայց ժողովուրդը հաճույքով կարդում էր։ Հիմա պարզվում է, որ այդ թերթը ֆինանսավորվել է իշխանության կողմից։ Հիմա էլ մարդը մեղավոր է զգում, որ օգնել է Փաշինյանին՝ գալ իշխանության։

- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Մինասյանի նկատմամբ շանտաժ իրականացվեր։

- Չեմ կարող ասել՝ շանտաժը ո՞րն է, թող հիմա Նիկոլ Փաշինյանը հանի ու ցույց տա, թե արդյոք պարոն Մինասյանից փող ստացե՞լ է, թե՞ ոչ։ Թող ցույց տա, «ՀԺ»-ն հաշվեկշիռ է փակել, ի վերջո։ Եվ հիմա ապացուցելու համար, որ դա սխալ է, պետք չէ վեր կենալ, ասել, որ «մենք ամեն ինչին չենք պատասխանելու»։ Ցույց տվեք՝ կա՞ն թղթեր, թե՞ չէ։ Ոչ մի րոպե կասկած չունեմ, որ այդ բանն ասելուց հետո Միքայել Մինասյանի մոտ կգտնվեն այդ թղթերի պատճենները։

-  Փաշինյանը չի պատասխանում նաեւ Միքայել Մինասյանի այլ մեղադրանքներին․ երկաթի գործ, մաքսանենգ ծխախոտ կամ ուռճացված շինարարություն՝ ասելով, որ կա՛մ իրեն պետք է հավատան, կա՛մ…

- Պատկերացրեք, որ նման բան ասեին հանրապետականները, ամբողջ ազգով կվրդովվեինք։ Քանի որ Ռուսաստանը եւս հայտարարել է ինչ-որ հանցագործությունների մասով քրեական գործի մասին՝ ծխախոտի, ապա պետք է կետ առ կետ անդրադառնալ։

Իսկ իր հայտարարությունները ոչ մեկին չեն բավարարում, եթե չես կարող անդրադառնալ, վարչապետ չդառնայիր։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am