ԼՀԿ-ն աջակցում է ՍԴ-ն գրավելու իշխանությունների քայլերին. Էլինար Վարդանյան․ տեսանյութ

ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունները սահմանադրական կարգի տապալում է, իշխանության յուրացում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պնդումը, թե Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով հնարավոր չէ դիմել Սահմանադրական դատարան, քաղաքական հերթական շահարկումն է, որից այդ խմբակցությունը փորձում է օգտվել և չդիմել ՍԴ՝ այդպիսով աջակցելով իշխանություններին ՍԴ-ն գրավելու իրենց գործողություններում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

«Պետք է չհամաձայնեմ «Լուսավոր Հայաստանի» հիմնավորումների հետ, որովհետև ընդհակառակը՝ Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը, ընդ որում՝ 2 հնարավորություն։ Երբ սահմանադրության խախտմամբ ընդունվել են սահմանադրական փոփոխությունները, ընդդիմադիր խմբակցություններն ունեն հնարավորություն՝ պատգամավորների 1/5-րդի ստորագրությամբ դիմել ՍԴ։ 168 հոդվածի 2-րդ կետով, երբ օրենքի սահմանադրականությունն է վիճարկվում և 4-րդ կետով, երբ իշխանության մարմինների լիազորությունների վեճ է առաջանում»,- նշեց Էլինար Վարդանյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատգամավորների ստորագրահավաք էր սկսել ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննարկելու համար։ «Լուսավոր Հայաստանն» էլ հայտարարել է, որ Սահմանադրությունը իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։

Էլինար Վարդանյանի խոսքով՝ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունները սահմանադրական կարգի տապալում է, իշխանության յուրացում։ Տեղի ունեցածը, ըստ նրա՝ ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, այլև անտեսում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

«Ստացվել էր մի զավեշտալի իրավիճակ, երբ իշխանությունները դիմել էին Վենետիկի հանձնաժողովին՝ հստակ սահմանելով 3 հարց, որոնց շրջանակներում էլ պետք է անեին սահմանադրական փոփոխություններ, բայց այն պահին, երբ Վենետիկի հանձնաժողովը քննարկում էր հարցը և պատրաստում էր եզրակացությունը, շրջանառության մեջ դրվեց օրենքի նախագիծը։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից խախտվում է Սահմանադրությունը, մյուս կողմից Հայաստանի հեղինակության վրա բացասական ազդեցություն են թողնում այդ քայլերը, որովհետև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն այդպես վերաբերվելն անհետևանք չի լինելու։ Բայց այս պահին հանձնաժողովի եզրակացության մասին խոսելն անիմաստ է դառնում, որովհետև իշխանություններն արեցին այն, ինչն ուզում էին և դա արեցին Սահմանադրության կոպիտ խախտմամբ»,- նշեց նա։

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։