Ասում էին՝ Մուկուչյանն ամենաառաջին ընտրակեղծարարն է, բա ինչո՞ւ մինչև հիմա կա. Ծառուկյան

Մինչև հիմա որևէ հիմնավորում չկա իմ մեղադրանքի վերաբերյալ սա քաղաքական պատվեր է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանել է դատարան: Նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:

Ծառուկյանն ասաց, որ ինչ ասել է ճիշտ է ասել, ներկայացրել է երկրի իրավիճակը՝ սոցիալական տնտեսական, քաղաքական, համաճարակի վերաբերյալ: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

«Մինչև հիմա որևէ հիմնավորում չկա իմ մեղադրանքի վերաբերյալ սա քաղաքական պատվեր է: Ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հների հետ կապել: Մուկուչյանն ո՞վ է եղել, մինչև հիմա ինչո՞ւ կա, որ հայտարարում էին, թե առաջին ընտրակեղծարարը նա է, բա ո՞նց է՝ Մուկուչյանը մինչև հիմա կա, ուրեմն իրենց պետք է չէ՞»,- ասաց նա:

Հարցին՝ եթե կալանավորեն ինչ պետք է անի, նա ասաց. «Իմ գործողություններն իմ ժողովուրդն է, թիմն է»:

Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցելուն, Գագիկ Ծառուկյանն ասաց, որևէ ուժի հետ որևէ փաստաթուղթ չկա ստորագրած: Բոլոր ուժերին կոչ արեց միավորվելու այս վիճակից դուրս գալու համար և նշեց, որ իրենք դեռևս միայն ՀՅ Դաշնակցության հետ են հանդիպել ու քննարկում ունեցել:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ պետք է հրապարակվի Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշումը: