ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է

ՍԴ-ն պարտավոր է տալ հստակ դիրքորոշում

ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է: Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի, իսկ դրանից առաջ նաեւ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին:

«Այն ոչ միայն խախտում է օրենքի հետադարձության արգելքի կանոնը, այլեւ մարդու հիմնարար իրավունքը: Այն չի կարող այդքան լայն մեկնաբանվել, ինչպես որ ներկայացնում է ՀՔԾ-ն ու դատախազությունը: Պետք է կոնկրետացվի, որի մասին խոսել է նաեւ ՄԻԵԴ-ը:

Վերջին հաշվով 300.1 հոդվածն իր սահմանադրաիրավական եւ քրեաիրավական առումով հստակ պետք է ունենա կանխատեսելիության որոշակիության ճշգրտության բարձրագույն աստիճան, որ հետագայում նույնպես որեւէ մեկի մտքով չանցնի չարաշահելու այս հոդվածը: Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները, հատկապես նրանք, ում համար իմ հնչեցրած տեսակետը կարող է ընկալելի չլինել կամ ընդունելի չլինել, մեկ պահ մտածեն, որ սա երկրի զարգացման տեսակետից հետեւանք ունեցող գործողություն է: Չի կարելի պարզապես րոպեական իշխանության մաղձը վերածել կոնկրետ պատասխանատվության միջոցի:

Հանրապետության ակտիվ հատվածին կոչ եմ անում, որպեսզի ողջամտորեն մոտենան այս հարցին, ոչ թե էմոցիաներով առաջնորդվել, այլ հստակ իրավագիտության եւ պարզագույն տրամաբանության համադրմամբ հանգել այն եզրակացության, որ այն գործողությունը, որ իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ, պետք է դադարեցվի: Այստեղ չկա ոչ իրավունք, ոչ իրավաբանություն, այստեղ կա միայն քաղաքական վրեժխնդրություն, որից իշխանությունը պետք է հետ կանգնի: Սա թույլ կտա նաեւ հասարակությանը վերադառնալ ավելի համերաշխ միջավայրում իրենց կենսագործունեությունը շարունակելու տրամաբանությանը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը: