Ալեն Սիմոնյանին չի անհանգստացնում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու փաստը

Մենք դատարանի վճիռները իմանում ենք բոլորի հետ միասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին չի անհանգստացնում այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել։ Այս մասին նա ասաց լրատվամիջոցների հետ զրույցում․

«Ոչ, չի անհանգստացնում, ինչի պետք է անհանգստացնի։ Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալումը, որ ինչ-որ մեկին բռնել եք, ինչ-որ մեկին բաց եք թողնում։ Մենք դատարանի վճիռները իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն՝ երբ դրանք հրապարակային են դառնում, և մենք որևիցե մեկին չենք բռնում և բաց չենք թողնում, դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել երբևիցե ՀՀ-ում։ Ինչ վերաբերում է մնացածին՝ իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է, իրավական գործընթացը շարունակվում է»։

Հարցին՝ նախորդ անգամ իրավակա՞ն չէր, երբ դատարանները շրջափակվեցին․

«Դուք ուզում եք՝ ես գնահատականո՞վ հանդես գամ այդ ակցիայի հետ կապված, դա քաղաքացիների ակցիա էր»,- պատասխանեց Սիմոնյանը։ 

Իսկ հարցին՝ չէ՞ որ վարչապետն էր հորդորել փակել դատարանները, Սիմոնյանը հարցով պատասխանեց՝ «և ի՞նչ»․

«Եթե դա քաղաքացիների ակցիա էր, եթե նման պահանջարկ չլիներ, քաղաքացիները դուրս չէին գա փողոց։ Նույն բանը այդ տրամաբանության մեջ կարելի է ասել հեղափոխության մասին․․․»։