Թե ով ում  որտեղից կշպրտի ժամանակը ցույց կտա

Վաղ թե ուշ ճշմարտությունը հաղթելու է․ ցենարները, զարգացումները բազմաթիվ են

Այսօր մենք ունենք ակնհայտ քաղաքական ճգնաժամ եւ միակ մեղավորն իհարկե իշխանություններն են: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատգամավորը տեսնում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծումը, Արման Աբովյանը պատասխանեց. «Վաղ թե ուշ ճշմարտությունը հաղթելու է: Սցենարները, զարգացումները բազմաթիվ են, կարելի է շատ բան ենթադրել, բայց այն պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում, արդեն իսկ շատ ծանր հետեւանքներ են առաջացրել Հայաստանի թե´ իմիջային մասով, թե´ առհասարակ քաղաքական զարգացումներում»:

Անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԲՀԿ-ի մասին անդրադարձին, որտեղ վերջինս նշել էր, որ կարելի է արգելել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք տոտալ ընտրակեղծիքներով են զբաղված եղել, Արման Աբովյանը նշեց. «Խորհուրդ կտամ վարչապետին ուսումնասիրել այն պետությունների փորձը, որտեղ կուսակցություններ են արգելում: Օրինակ կա ֆաշիստական Գերմանիան, որտեղ 1930-ականներին կոմկուսն արգելեց: Պարզ է, որ հիմա իշխանությունները փորձում են շատ բուռն պրոցեսներ գեներացնել, քանի որ հասկանում են, որ այս պայքարի մեջ ժողովրդական լեզվով ասած «տակ են տալիս», քանի որ այն, ինչ իրենք անում են, չի մտնում այն տրամաբանության մեջ, որով  եկել են իշխանության:

Բոլոր այն փորձերը` լռեցնել կուսակցություններին, կուսակցության լիդերներին, փաստում են այն մասին, որ այսօր շատ ակտիվ ձեւավորվում է նեոլիբերալ ֆաշիզմի որոշակի  տարրեր, քանի որ ինքը պոզով-պոչով չի լինում, այլ լինում է որոշակի գործողություններով: Երբ որ ասում են ընտրակաշառք, կամ այլ ինչ-ինչ հանցագործություններ, ոչ մի իշխանություն երբեք չի կանգնի ասի` ես ենթարկում եմ քաղաքական հետապնդումների: Եթե մենք նայենք, թե այսօր առհասարակ ինչ է կատարվում, մենք տեսնում ենք, որ, այո, իշխանությունը խնդիր ունի արդարանալու եւ հետեւաբար անում է այսպիսի քայլեր, քանի որ տվյալ քաղաքական ուժի մեջ տեսնում է վտանգ: Իշխանության այդ վախերը մենք չենք գեներացնում, իրենք իրենց մեջ են գեներացնում՝ իրենց մտքերով, կասկածներով, ցնցումային տեղաշարժերով, որ իրենց պատեպատ են տալիս: հանգստացեք կամ հանգիստ նստեք տեղներդ»,-ասաց Արման Աբովյանը:

Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ «ղազագրի» տրամաբանությամբ գործող քաղաքական գործիչներին եւ ուժերին ժողովուրդը վզներից բռնելու է եւ դուրս է շպրտելու ԱԺ-ից, նա արձագանքեց. «Ես չգիտեմ, ինչ նպատակ ունի «ղազագիր» ասելով: Գուցե որոշ մարդիկ գրել են, ես չգիտեմ: Իսկ այն, թե ով ում  որտեղից կշպրտի ժամանակը ցույց կտա: Մի լավ արտահայտություն կա` ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, ոչինչ, ամեն ինչ նորմալ է»,- ընդգծեց նա: