«Դու ձախողել ես քո ոլորտը և մեծ-մեծ խոսում ես». Դավիթ Խաժակյանը՝ Արսեն Թորոսյանին

Իրենք կարծում են, որ իրենք և՛ իշխանություն են, և՛ ընդդիմություն են, և երկու դերն էլ տանում են

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ իշխանության գործելաոճն ավտորիտար և կոմպրոմատային է:

«Ինչքան ուզում են և որ հարթակից ուզում են, թող ասեն, նույնիսկ, եթե Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի, որ ինքը կոմպրոմատային պայքարում չկա, ակնհայտ է, որ կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:

«Այն, ինչ իրենք անում են՝ դասական ավտորիտար պայքար է ընդդիմադիր ուժի նկատմամբ, հատկապես, երբ այդպիսի հռետորաբանություն է կիրառվում: Երբ հիմա փաստեր են բերում ընտրություններում կեղծարարությունների վերաբերյալ, ես որևէ բան չեմ բացառում, որ կարող է լինել, որովհետև տեսել ենք, թե մինչև 2017թ. ընտրություններն ինչպես են կայացել, բայց երբ հիմա ես դա բերում և հնարավորություն ունես ընդդիմադիր ուժին ճնշման ենթարկել ու ասել՝ արտակարգ դրություն է, հանկարծ փողոց դուրս չգաս, կամ հուշագիր ստորագրելիս, հատկապես, որ դա ոչ միայն հուշագիր էր ընտրությունների անցկացման վերաբերյալ, այլև այդ հուշագրի չորրորդ կետով նշված էր, որ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման, Արցախի անվտանգության…

Այսինքն՝ դա, ըստ էության, գաղափարական փոխըմբռնման հուշագիր էր: Երբ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հուշագիրը կնքում էր, չգիտե՞ր, որ Գագիկ Ծառուկյանը երբեմնի խոշոր գործարար էր, ինչպես ինքն է ասում, կամ չգիտե՞ր, որ ԲՀԿ-ն մասնակցել է ընտրությունների և առերևույթ եղել են խոսակցություններ, որ ինչ-որ շտաբներում գումար է բաժանվել: Չգիտե՞ր Փաշինյանը. Իհարկե գիտեր»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր գործունեության հռետորաբանությունը և գործիքակազմը չի փոխվել.

«Ներկայումս մենք չունենք իշխանություն: «Իմ քայլը» իշխանություն չէ, այլ նախկինների ընդդիմությունն է, և այդ իմաստով՝ դժվար է լինել իրենց ընդդիմություն, որովհետև նախկինների ընդդիմությանը ո՞նց լինես ընդդիմություն: Իրենք կարծում են, որ իրենք և՛ իշխանություն են, և՛ ընդդիմություն են, և երկու դերն էլ տանում են»:

Նրա խոսքով՝ պետական մեր կարևորագույն պաշտոններն արժեզրկված են. «Երեկ ի՞նչ տեղի ունեցավ՝ առերևույթ նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնվել է առողջապահության նախարարի պատին՝ ինչ-որ քաղաքական գնահատականով: Հույս ունեմ՝ կգա այն օրը, երբ իրեն իրավապահները կհարցնեն՝ եթե դա պաշտոնական փաստաթուղթ է եղել, սարքված չէ, քեզ դա որտեղի՞ց: Նախաքննական գաղտնիքը մեր քաղաքական պաշտոնյաներին որտեղի՞ց: Ես հուսով եմ, որ այլևս որևէ իշխանություն նման բան իրեն թույլ չի տա: Դուք հիշո՞ւմ եք որևէ քաղաքական գործիչ կամ նախարար, որն ինչ-որ մեկի վերաբերյալ նախաքննական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթը իր պատին դնի, դա ի՞նչ բան է: Ես չեմ ուզում՝ վիրավորական հնչի, բայց ցինիզմը ո՞նց է լինում, երբ դու ձախողել ես քո պատասխանատվության դաշտը, ընդ որում՝ ես որևէ բառ չեմ կարող ասել մեր առողջապահական համակարգի առանձին օղակների մասով, ես գիտեմ, որ մեր բժիշկներն ամեն րոպե, ամեն վայրկյան ջանում են, որ խնդիրները լուծվեն, և համոզված եմ, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ բժիշկների վերաբերմունքը միանշանակ չէ, բայց երբ դու ձախողել ես քո ոլորտը և մեծ-մեծ խոսում ես, հեգնում ես բոլորին և քեզ հանել ես առաջնագիծ, սա անթույլատրելի է: Երևի պետք է շնորհակալ լինենք, որ պաշտպանության նախարարը նման բաներում ներգրավված չէ, երևի դա էլ լիներ, ու վերջ: Այսինքն՝ բոլորը քաղաքականացվել են, բայց դա խոսում է ոչ թե իրենց ուժի, այլ թուլության մասին, որովհետև իրենց խորհրդարանում մի քանի հոգի են կարողանում քաղաքական տեքստեր ասել, և իրենք մնացել են իրենց նախարարների հույսին, որ իրենց պատին մի բան դնեն, կուսակիցներն էլ տարածեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում