Քայքայիչ գործունեություն ծավալող ուժերը կարժանանան շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի

Կվերցնենք թուղթ ու գրիչը եւ կտեսնենք, թե ով ինչ է արել

Արդյոք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում, կան ուժեր, որոնք ոչ միայն չունեն պրոբլեմներ, այլ կյանքը դարձել է ավելի լուսավոր, ավելի բարգավաճ եւ նրանք այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարեւոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը: Շատ կարեւոր է հասկանալ, թե ովքեր են, որ իրենց վատ են զգում կորոնավիրուսի միջավայրում, եւ ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում:

Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը իրենց լավ չեն զգում այս միջավայրում: Ինչ վերաբերում է ընդհանրապես, ապա կորոնավիրուսի պատմությունը չի ավարտվել, նոր-նոր սկսվել է: Երբ կավարտվի, այդ ժամանակ կամփոփենք արդյունքները:

Էլի վերադառնալով պատերազմի տրամաբանությանը, ապա դա նույնն է, որ ասենք 1992 թվակա նի փետրվարին Հայաստանում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանը եւ Արցախը պարտվել են արցախյան ազատամարտում: Հիմա 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է եւ նրանք, որոնք ուզում են արձնագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ:

Երբ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, մենք կվերցնենք թուղթ ու գրիչը եւ կտեսնենք, թե ով ինչ է արել, ով ինչքան է պարտվել, ով որքան է հաղթել, եւ ՀՀ-ն ինչ է կորցրել, ինչ է ստացել դրա արդյունքում»,-ասաց Փաշինյանը:

1