Ինչի արդյունքում է սպանվել «Կյաժ Աշոտը». ոստիկանությունը՝ քիչ առաջ հնչած կրակոցների մասին

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ

Հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով. մահացողը Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ: