Երևանում քիչ առաջ կրակոցներ են հնչել. shamshyan.com

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևանք քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված պարկուճներ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վար է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևերգ Գևորգյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Նա 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ:

Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: