Հասել ենք կրիտիկական վիճակի և քայլում ենք դժոխքի միջով. Փաշինյան․ տեսանյութ

Ունենք դեպք, երբ բժշկական ուշացման պատճառով կորոնավիրուսից մարդ է մահացել

Դառնությամբ եմ ասում, որ այսօրվա դրությամբ Հանրապետությունում 200 քաղաքացիներ կան, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին: Այսինքն՝ առողջապահության նախարարությունը այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում. այս մասին այսօր պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք դեպք, երբ բժշկական ուշացման պատճառով կորոնավիրուսից մարդ է մահացել, խնդիրը  երկակի է ՝ հարազատներն իրենք մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկության փոխանցումը առողջապահական համակարգին, և դրա պատճառով արձանագրել ենք այսպիսի առաջին մահվան դեպքը: Երկու մահվան դեպք ենք ունեցել, որ  հիվանդը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարետատան նիստի ժամանակ քննարկվել է տոտալ արգելափակման հարցը, բայց քննարկումների արդյունքում հասկացել են, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների:

Նրա խոսքով՝ եթե տեսականորեն համարենք, որ  ժողովուրդը իրավիճակի լրջությունը հասկանալով կպահի կարանտինը, ուրեմն առանց որևէ վարչական լծակի գործադրման կարող է պահել նաև հիմա:

«Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ հասել ենք կրիտիկական վիճակի և քայլում ենք դժոխքի միջով, որի լուծումն է ՀՀ-ում համընդհանուր հակահամաճարակային շարժում սկսելը. յուրաքանչյուրը պետք է շարժվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի սակավության պատճառով կարող է մահանալ ինքը կամ իր հարազատը: Յուրաքանչյուրը պետք է վերաբերվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է և չպետք է վարակի ուրիշներին»: