Իշխանությունը պետք է հեռանա

Կառավարչական պրոբլեմների պատճառով երկրում տեղի ունեցող ամեն ինչի անմիջական ու, կարծես, միակ պատասխանատուն դառնում է Նիկոլ Փաշինյանը

Կորոնավարակի տարածման անկասելի ընթացքը Հայաստանում կյանքը կարծես անկառավարելի է դարձրել։ Ամեն քայլափոխի կարելի է արձանագրել, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, եւ նրա քայլերը փոխարինվել են վարչապետ Փաշինյանի լուսանկարների ֆլեշմոբով ու անհավասարակշիռ «լայվերով»: Համավարակի միակ գործիքն ասես դարձել է սեփական թիմի կոպիտ սխալների եւ մահվան ելքով դեպքերի պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելը կամ առնվազն պատասխանատվությունը հասարակության հետ կիսելը: Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս անկառավարելի վիճակը, ինչպե՞ս կասեցնել բոլորիս համար վտանգավոր այս իրավիճակը: Որ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, ու այս իրավիճակից օր առաջ պետք է դուրս գալ, համոզված են նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիրները, ընդ որում՝ ոչ միայն նախկիններն ու սեւերը, այլեւ այդ ծիրից դուրս գտնվող եւ նույնիսկ հեղափոխության աջակիցները։ Տարբեր են միայն լուծումների հարցում նրանց մոտեցումները: 

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը հիշեցնում է, որ իրենց կուսակցությունն առաջիններից մեկն էր, որ «Հայաստանի անվտանգությանը սպառնացող» այս իրավիճակի՝ ճգնաժամի մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ փաստելով, որ կառավարման համակարգում ճգնաժամային իրողություններն այս արտակարգ դրության հետեւանքով առավել ցցուն են դարձել, եւ օր առաջ պետք է գտնել իրավիճակի մեղավոր-պատասխանատուներին: Կուսակցությունում գիտեն, թե ովքեր են պատասխանատուները. «Պարետատան եւ առողջապահական համակարգի աշխատանքները հստակ անբավարար են, նրանք պետք է հաշվետու լինեն եւ հեռանան այդ աշխատանքից՝ ասպարեզը բացելով այն մասնագիտական կարողություններով օժտված մարդկանց առջեւ, որոնք կապահովեն շատ ավելի արդյունավետ գործիքակազմ՝ այս ճգնաժամից դուրս գալու համար»:

Դիլբարյանի խոսքով, իշխանության վարած քաղաքականությունն ավելի շատ հիմնված է «խմբիշխանության» վրա եւ գնում է մասնագիտական կամ քաղաքական մթնոլորտին հակառակ: Մեր դիտարկմանը, թե ամբողջ իրավիճակի պատասխանատուն պարետն ու առողջապահության նախարարն են, Դիլբարյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ պարետատունն ու առողջապահական համակարգը պատասխանատու են առողջապահական խնդրի լուծման, այն է՝ հասարակությանը համաճարակից հնարավորինս զերծ պահելու ուղիների մշակման հարցում: «Ժառանգությունը» համամի՞տ է արտախորհրդարանական դաշտի որոշ ուժերի կոնսենսուսային այն մոտեցմանը, որ իշխանությունն անկարող է պետությունն այս իրավիճակից հանել եւ պետք է հեռանա։ «Այս պահին խոսել կառավարության հրաժարականի մասին կամ վարչապետի հրաժարականի մասին… Իհարկե, մեկ անձով շատ բան է պայմանավորված, բայց այստեղ խնդիրը թիմային աշխատանքն է, այդ թիմին տրվող գնահատականը եւ հաշվետու լինելու մթնոլորտի ապահովումը: Թե չէ՝ հրաժարականներ մենք տեսնում ենք՝ ՊԵԿ նախագահը, օրինակ, հրաժարական տվեց․ իհարկե, հանրությունն ավելի շատ սպասում էր պարետատան եւ առողջապահական ոլորտում փոփոխությունների, բայց հրաժարական տվեց ՊԵԿ նախագահը»: 

Հիշեցրինք, որ նախկինում էլ իշխանության ղեկավարները հմտորեն գործարկում էին քավության նոխազի ինստիտուտը, իսկ իրենք անառիկ էին մնում իրենց տեղում․ հիմա եթե փոփոխություններ պետք է լինեն, բայց հրաման տվողը շարունակի մնալ իր տեղում, ի՞նչ է փոխվելու։ «Որ նախկին համակարգը շարունակում է գործուն լինել, եւ նոր իշխանությունն իրականում, կամա թե ակամա, ամուր գործում է հին համակարգի տրամաբանությամբ եւ օրենքներով, աներկբա է: Բայց, մյուս կողմից, այս իրավիճակում, երբ մենք ուսումնասիրում ենք հանրային տրամադրությունները, ապա դեռեւս չկա ձեւակերպված խնդիր՝ ամբողջ կառավարության հրաժարականի կամ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, կամ Ազգային ժողովի»։ Բացի այդ, Դիլբարյանը հիշեցնում է իշխանության՝ խորհրդարանական «գերմեծամասնություն» ունենալու փաստը եւ ասում, որ այստեղ էլ հնարավոր չի լինելու վարչապետի անվստահության հարց բարձրացնել: 

«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանն էլ կառավարման ճգնաժամի եւ ելքերի մասին մեր հարցին պատասխանեց այսպես. «Ես տեսնում եմ, որ կառավարող ուժի կառավարչական ունակությունները կաղում են։ Նրանք պատրաստ չեն եղել երկրի կառավարմանը եւ երկու տարում ի վիճակի չեղան համապատասխան հմտություններ ձեռք բերել։ Օբյեկտիվ դիտորդի մոտ, իհարկե, դա կարող է ճգնաժամի տպավորություն թողնել, առավել եւս՝ համավարակի շրջանում նրանց քայլերը վերլուծելու դեպքում։ Պետությունը նման իրավիճակների համար պետք է ինստիտուտներ ունենար, որոնք կզբաղվեին իրադրությունը շտկելով ու համակարգելով եւ ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա կվերցնեին։ Բայց նույն կառավարչական պրոբլեմների պատճառով երկրում տեղի ունեցող ամեն ինչի անմիջական ու, կարծես, միակ պատասխանատուն դառնում է Նիկոլ Փաշինյանը։ Բնական է, որ նրա հրաժարականն էլ պահանջում են։

Ինչ վերաբերում է մեզ, ապա միայն համավարակի իրավիճակով պայմանավորված՝ կառավարության ու վարչապետի հրաժարականը պահանջելն անհասկանալի է։ Մենք գտնում ենք, որ նրանց առաջին խնդիրը քաղաքական համակարգի, դատական ու իրավական համակարգերի, սահմանադրական փոփոխությունների հեղափոխական օրակարգերն իրականացնելն էր, ինչը նրանք անհուսալիորեն տապալել են։ Եվ ազնիվ կլիներ ասել, որ իրենք չեն կարողանում խոստացածն ի կատար ածել եւ պետք է հեռանան՝ ճանապարհ բացելով իրական վերափոխումների համար»։

1