«Փակ ֆոնդեր»․ ԿԳՄՍ նախարարի մեծ նվերը՝ թուրք ժխտողականներին․ Հայկ Դեմոյան

Նրանք միշտ մեղադրում են մեզ փակ արխիվներ ունենալու մեջ և նախարարի շուրթերով երեկ մեծ նվեր մատուցվեց նրանց

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «փակ ֆոնդեր» արտահայտությամբ մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին։ «Փակ ֆոնդ» հասկացությունն ամենասոսկալի սխալն էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանի կողմից նման չմշակված հայտարարությունը վտանգավոր էր թե՛ հաստատության, թե՛ ՀՀ շահերի և վարկանիշի առումով։

«Երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում օգտագործվում է «փակ ֆոնդ» հասկացությունը, դա ամենամեծ նվերն է թուրք ժխտողականներին։ Նրանք միշտ մեղադրում են մեզ փակ արխիվներ ունենալու մեջ և նախարարի շուրթերով երեկ մեծ նվեր մատուցվեց նրանց։

Թանգարանում չկա «փակ ֆոնդեր» հասկացություն, կա անձեռնամխելի ֆոնդ, որը բացարձակապես այլ է։ Փակը նշանակում է անհասանելի, որ որևէ մեկին չենք տալիս, իսկ անձեռնամխելին դա փխրուն, մեկ օրինակով, խիստ հազվագյուտ նյութերն են, որ ցանկացած թանգարանում կա, բայց դա նույնպես հասանելի է։ Ոչ թե առձեռն է տրվում, այլ պատճենած կամ ժամանակավորապես տրամադրվում է հետազոտողին ինչ-որ պայմաններով»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Նախկին տնօրենը վստահեցնում է, որ թանգարան-ինստիտուտում առկա գրականությունը նախկինում անհասանելի չի եղել․ «Գրքերը դրված են իրենց տեղում, եթե նույնիսկ առանձնանա գրադարանը, գրքերը մնալու են նույն տեղում։ Ցանկացած մեկը, որ գալիս էր գրականություն ուզելու, գիրքը, ցանկացած ֆոնդային միավոր հասանալի էր դառնում հաշված րոպեների ընթացքում։ Սա հանրությանը գիտակցաբար մոլորեցնելու փորձ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում