7000 գազի, 1000 դիմակ ձեռնոցի, 13000 պլանի փող, բայց նստող չկա․ «ՏԵՑ-ի կրուգի» թաղամասը սպասարկող վարորդ

28 կիլոմետր ա, եթե սենց լինի, վաղն էլ քշեմ, էլ դուս չեմ գա

Այսօր գազելներն ու ավտոբուսները դատարկ են երթևեկում, պահպանելով կանգնած ուղևոր չունենալու սկզբունքը: Հասկանալի է, սակայն, որ երթուղայինների վարորդներին համարյա ոչինչ չի մնում: 

Որոշ գծատերեր հանել են երթուղիները սպասարկող վարորդների համար պարտադիր օրական վճարումները, այսպես կոչված «պլան» հասկացությունը: Թիվ 41 երթուղու վարորդներից մեկը պատմեց, որ տրանսպորտը բացվելու օրվանից իրենք «պլան» չեն տալիս: «Քշի, ինչքան ուզում ես: Մենք էլ ենք զարմանում: Ինչքա՞ն ժամանակ սենց կլնի, չգիտենք», - ասում է նա: 

Սակայն ոչ բոլոր գծերում է այս վիճակը: Կան գծատերեր, որոնք շարունակում են վարորդներից օրական 10-13 հազար դրամ վերցնել: Նրանք էլ դժգոհում են, որ «ավտոները» դատարկ քշելով, շուտով չեն կարողանալու գիծ դուրս գալ: Քաղաքի ամենաանհասանելի կետերից մեկը՝ «ՏԵՑ-ի կրուգ» կոչվող թաղամասը սպասարկող վարորդ Կ-ն մեր խնդրանքով հաշվեց իր ծախսն ու եկամուտը:  

«7000 գազի եմ տվել, գումարած 400 դրամ՝ ալկոգելին, 3 դիմակ, ձեռնոց, եղա՞վ  հազար, գումարած 13000 պլանի փող: Բայց նստողը քիչ ա: Երթի երկարությունը 4-րդ գյուղի «Մարիաննա» կաթի գործարանի մոտից մինչև միսկոմբինատի փողոց 28 կիլոմետր ա: Նստող չկա, եթե սենց լինի, վաղն էլ քշեմ, էլ դուս չեմ գա»: 

Թե վարորդները, թե ուղևորները հասկանում են, որ այս կերպ քաղաքային  տրանսպորտը երկար չի ձգելու: Տրանսպորտային կազմակերպություններին սուբսիդավորելու հարցը բաց է մնացել: 

Հարցին, թե որքա՞ն է տրանսպորտը դատարկ երթևեկելու, հասկանալի է, չէ՞, որ ձեռնարկությունները այսպես երկար չեն կարողանա աշխատել, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հրապարակին» պատասխանեց. «Այս շաբաթը մոնիտորինգային շաբաթ է, կնայենք, կուսումնասիրենք, խնդիրները վեր կհանենք ու առաջարկներ կներկայացնենք կառավարություն»: Հնարավո՞ր է, որ տրանսպորտը նորից կանգնի, նկատի ունենալով վարակի տարածման բարձր տեմպը: «Չեմ կարող ասել: Այդ հարցը քաղաքապետարանի իրավասությունից վեր է», - պատասխանեց Հակոբ Կարապետյանը:

Նա ասաց նաև, որ անհատական պաշտպանության միջոցներ և նյութեր տրամադրվում են միայն քաղաքային ենթակայության ընկերություններին: Մասնավոր ձեռնարկություններն իրենք պետք է ձեռք բերեն դիմակ ու ալկոգել: Վարո՞րդը, թե՞ ձեռնարկության տնօրենը հարցը գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում է լուծվում:  

Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում, ըստ քաղաքապետարանի տվյալների, առկա է 561 ավտոբուս, փաստացի շահագործվում է 39 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում մոտ 400 միավոր շարժակազմ։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 17 կազմակերպություններ։ 

Հրապարակ