Կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ են հայտնաբերվել. չինացի գիտնականներ

Հեղինակները տեղեկացնում են կապիկների վրա իրականացված նախակլինիկական փորձարկումների հաջող ընթացքի մասին
կորոնավիրուս

Չինացի գիտնականները Nature ամսագրում երկու հոդված են հրապարակել, որոնցում նկարագրվում է մոնոկլոնալ հակամարմինների ստացումը, որոնք չեզոքացնում են SARS-CoV-2 կորոնավիրուսը:

Հեղինակները տեղեկացնում են կապիկների վրա իրականացված նախակլինիկական փորձարկումների հաջող ընթացքի մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, չեզոքացնող հակամարմինը «Covid-19»-ով վարակված հիվանդների բուժման խոստումնալից մոտեցումներից մեկն է: Հակամարմինները կարելի է նաև օգտագործել որպես «ժամանակավոր պատվաստանյութեր»՝ առողջ մարդկանց հիվանդությունից պաշտպանելու համար:  Գիտնականներին հաջողվել է կորոնավիրուսից ապաքինված հիվանդի պլազմայից առանձնացնել երկու մոնոկլոնալ հակամարմին՝ CA1 և CB6, և նկարագրել դրանց հատկությունները: Լաբորատոր ուսումնասիրության պայմանաներում երկուսն էլ արդյունավետ են եղել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: CB6-ը նաև հաջողությամբ փորձարկվել է կապիկների վրա:

Հակամարմինը սպիտակուց է, որը սինթեզվում է օրգանիզմի իմունային բջիջների կողմից՝ հակազդելով վարակին: Հաղորդվում է, որ կորոնավիրուսից ապաքինված 8 հիվանդների պլազմայից 206 հատուկ մոնոկլոնալ հակամարմիններ են ստացվել: Դրանցից երկուսն էլ հզոր չեզոքացնող ակտիվություն են դրսևորել SARS-CoV-2-ի դեմ:

Գիտնականներին զարմացրել է այն հանգամանքը, որ այդ հակամարմինները չեն ազդել այլ տեսակի կորոնավիրուսների՝ SARS-CoV-ի և MERS-CoV-ի դեմ պայքարում:

Մոնոկլոնալ հակամարմինների կլինիկական հետազոտությունները մասնագետները նախատեսում են իրականացնել այս տարվա երկրորդ եռամսյակում: