Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է՝ որպես «Նիկոլ Ավերիչ»․ Կարինե Աճեմյան

Հայաստանում թավիշը եղել է նախկինում, և ոչ թե՝ 2018 թվականի իրադարձություններից հետո

«Հայաստանում թավիշը եղել է նախկինում, և ոչ թե՝ 2018 թվականի իրադարձություններից հետո, որովհետև նույն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մշտապես հանդես է եկել շատ վատ բառապաշարով, սակայն նրա նկատմամբ տեղի չի ունեցել այն, ինչ կատարվում է ներկայում  ընդդիմադիրների հետ»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը։

«Վերադարձել ենք 90-ականների մղձավանջներին, այո՛։ Ամեն օր՝ կրակոցներ, սպանություններ… անկառավարելի է մթնոլորտը, որովհետև մարդկանց գազազեցնում և իրար դեմ են հանում, և, երևի թե, դա է իշխանությունը պահելու գինը։ Կրկնում եմ՝ ամեն ինչի հետ ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ գիշերով զանգեր են ստանում՝ սրան բռնեք, նրան ձերբակալեք. ահա սա են պատմում Փաշինյանի հետ աշխատած մարդիկ»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է՝ որպես «Նիկոլ Ավերիչ»։

Կարինե Աճեմյանի փոխանցմամբ՝ այլևս հրամայական է դառնում հակաճգնաժամային կառավարության ձևավորումը, որը կարող է նախաձեռնել մի այնպիսի ուժ, որն իրական ընդդիմություն է։

«Ես այդպիսի ուժ չեմ տեսնում խորհրդարանում, տեսնում եմ դրսում և կարծում եմ՝ ժամանակն է՝ նման կառավարություն ձևավորել, որովհետև գործող կառավարության ղեկավարը կառավարման երկու տարվա ընթացքում չի արձանագրել որևէ հարցում աճ, ավելին, երկիրը տարել է դեպի ետ։

ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ այս պայմաններում, նման ճնշումների ենթարկվելուց հետո, պահպանվեց. մեր բոլոր տարածքային գրասենյակներն աշխատում են, հետևաբար՝ այդ լոկոմոտիվը կարող է լինել հենց ՀՀԿ-ն։ Իսկ այն ուժերը, որոնք նորաստեղծ են, եթե  իրենց վրա վստահ լինեին, այս ընթացքում կգային առաջին պլան, բայց նման ուժ ես չեմ տեսնում (Չեմ տեսնում այնպիսի մի ուժ, որը կարող է միայնակ գործել, այնպես որ, օրակարգ թելադրող ընդդիմադիրը ուժը  ՀՀԿ-ն է»,- ասաց Կարինե Աճեմյանը։

Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի ղեկավարի գնահատմամբ՝ «Իշխանության այլընտրանքային բևեռը խորհրդարանից դուրս է, և որքան էլ խորհրդարանական ընդդիմությունն ինչ-որ բաներ ասի, միևնույն է՝ իրենք իրենց ընդդիմության պես չեն պահում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում