Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան հնչեցված հարցի, անդրադարձավ նաև այդ թեմային:
«Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկիր, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այդտեղ էլ իրավապահները պետք է պարզեն»,- ասաց Փաշինյանը:
Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայր, «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Կնոջս եղբորը վերաբերող դրվագին, ես տեղյակ եմ, որ Հրաչյան դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ բոլորս հրապարային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան հարցի, թե ինչ կասի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն առաջարկել է խորհրդանշական գումար փոխանցել հիմնադրամներից մեկին, հրաժարվել Հայաստան վերդառնալու մտքից՝ քրեական գործ չհարուցելու դիմաց, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Նշված հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և, որքան գիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են»,- ասաց նա:
«Կա նաև այսպիսի մի հանգամանք. ես ասել եմ՝ իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս կոռուպցիայի դեմ հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային, իմ աշխատանքային հայտարարություններից, բայց դա հարց է, որի պատասխանները պետք է տան իրավապահ մարմինները»,- ասաց նա:
0Comments