«Լուսավոր Հայաստանը» փորձում է խորհրդարանն ապալեգիտիմացնել

Նրանց վարքագիծը վկայում է նախկին իշխանության հետ նրանց համագործակցության մասին. «Իմ քայլը»

Կա քաղաքական ենթատեքստ: Այդ ենթատեքստն ի հայտ եկավ նոր խորհրդարանի աշխատանքի սկզբից եւեթ: Այդ ենթատեքստն է այնպիսի տպավորության ստեղծումը, որ խորհրդարանի աշխատանքն իմաստազուրկ է, պրոֆեսիոնալ չէ, իր աշխատանքին անլուրջ է վերաբերվում, որ այնտեղ դատարկախոսությամբ են զբաղված, որ կազմը չի տարբերվում նախկին պատգամավորներից, հանդես է գալիս բռնության օգտին եւ այլն:

Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կասկածում նախկին իշխանությունների հետ համագործակցության մեջ:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ նման պատկերացումը օգտակար է երկրի նախկին իշխանություններին: «Նրանք փորձում են խորհրդարանն ապալեգիտիմացնել տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ իրենց ենթակա լրատվամիջոցների միջոցով»,-  հավաստիացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհը:

Նրա կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանի» գործողությունները վկայում են հենց այդ մասին: Եվ եթե զուգահեռներ անցկացվեն, ապա ակնհայտ է դառնում, որ «Լուսավոր Հայաստանը», կամա թե ակամա, գործում է այդ ենթատեքստում: ««Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության որոշ ներկայացուցիչների եւ առաջին հերթին նրա առաջնորդի վերջին պահվածքը այս մասին է վկայում»,- ասաց պատգամավորը: