Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը. Պուտինի շնորհավորանքը՝ Փաշինյանին

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության և երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատում իրենց դրսեւորած խիզախությամբ եւ թիկունքում կատարած անձնուրաց աշխատանքով օգնեցին հաղթանակ տոնել նացիզմի դեմ, պաշտպանել խաղաղությունը ապագա սերունդների համար:

Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին:

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության և երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս»: