Թող Մարուքյանն ու Անի Սամսոնյանը մանդատը վայր դնեն․ Ալեն Սիմոնյան

Դա նախապատրաստված սադրանք էր, որ ունի շարունակական բնույթ

Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք էր, որ ունի շարունակական բնույթ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Հարցին՝ Սասուն Միքայելյանը մեղավո՞ր էր, Սիմոնյանը պատասխանեց, թե որևէ մեկին մեղավոր կամ անմեղ չի դարձնելու:

Նա նշեց, թե որևէ մեկը մանդատը վայր դնելու կամ նկատողության հետ կապված քննարկում չի արել, իսկ հարցին՝ պետք չէ՞, որ մի քանիսը մանդատը վայր դնեն, Սիմոնյանը պատասխանեց. «Որևէ մեկը չպետք է վայր դնի: Սասուն Միքայելյանը ՀՀ-ում ամենաշատ վստահության քվեն է ստացել, և իր վստահության հարցը պետք է որոշի իր ընտրողը մյուս ընտրությունների ժամանակ: Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանի հետ միասին, կարող է մանդատը վայր դնել՝ սադրանքներ կազմակերպելու, սեռական հայհոյանքներ հնչեցնելու համար»,- ասաց նա՝ նշելով, թե վերջիններս պետք է ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեն:

Հարցին՝ իր կարծիքով՝ «Իմ քայլը»-ի վարկանիշը տեղի ունեցածից հետո ընկա՞վ, Սիմոնայնն արձագանքեց, թե վարկանիշի համար կանհանգստանան ընտրությունների ժամանակ, եթե քաղաքացիները կգտնեն, որ չպետք է քվեարկեն, չեն քվեարկի:

Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները: