Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն. վարչապետի խոսնակ

Նա ընդգծեց, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը

Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն։

Այս մասին «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - նշեց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- նշեց վարչապետի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 10-ին Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից կատարել է ծառայության ղեկավարի պարտականությունները, ապա երեկ ազատվել ու նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ արդեն այսօր նա ազատվել է այդ պաշտոնից ու նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: