11-րդ միջոցառում․ գազ և էլեկտրաէներգիա սպառած ՀՀ քաղաքացիներին ծաղրում են

Այս ծրագիրը, ի թիվս մյուս ծրագրերի, ոչ այլ ինչ է քան ՇՈՈՒ կամ օժանդակության ԻՄԻՏԱՑԻԱ

Շարունակություն ․․․․․․․

ՀՀ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրության ուշադրությանն եմ ներկայացնում ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառման վրա, որը վերաբերում է բնական գազ և էլեկտրաէներգիա սպառած ՀՀ քաղաքացիներին տրամադրվող պետական աջակցությանը, որը կարելի է բնութագրել ոչ այլ ինչ, քան ԶԱՎԵՇՏ կամ ԾԱՂՐ մեր հայրենակիցների նկատմամբ․

• Շահառուներն են՝ բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10.000 դրամը, իսկ էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ 5000 դրամը

• Օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված, համապատասխանաբար, բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց՝ վճարի 50 տոկոսի չափով
-Հիմնական պայմանն այն է, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման գծով 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չպետք է գերազանցած լինի որոշմամբ սահմանված չափը․
-վերլուծելով վերը նշվածը՝ առնվազն առաջանում են հետևյալ խնդրահարույց հարցերը, որոնք մատնացույց են անում ՀՀ կառավարության ԱՆԱՐԴԱՐ և ՈՉ ԱԴԵԿՎԱՏ մոտեցումները

Ա) Ողջամի՞տ է արդյոք կարծել, որ միջին վիճակագրական ընտանիքը ՓԵՏՐՎԱՐ ամսին կարող էր գոյատևել ընդամենը 10.000 դրամին համարժեք բնական գազով և 5.000 դրամին համարժեք էլէկտրաէներգիայով և հետևաբար ողջամի՞տ է արդյոք կարծել, որ նշված գումարների ընդամենը 50 տոկոսի փոխհատուցումը կարելի է համարել, այսպես կոչված, պետական աջակցություն՝ այն էլ այն պարագայում, երբ պետական համակարգում տրամադրվում են աստղաբաշխական պարգևավճարներ։ Կարծում եմ, որ տրամադրվող աջակցության գումարները ՓՈՇԻԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՓՈՇԻԱՑՎԵԼ ԵՆ։ Գուցե ողջամիտ կամ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ կլիներ անապահով կամ ծայրահեղ անապահով ընտանիքներին փոխհատուցել 100 տոկոսով, քան նման եղանակով փոշիացնել այդ գումարները․ հարկ եմ համարում նշել նաև, որ դեռևս վերջնականապես չի ավարտվել կորոնավիուսով պայմանավորված՝ ճգնաժամային իրավիճակը և զուգահեռաբար չի հստակեցված, թե բացի նշված փոխհատուցումը հետագայում այլ օժանդակություններ լինելու՞ են, թե ոչ․․․․․․․․։

Բ) Եթե նույնիսկ համարենք, որ փետրվար ամսին հնարավոր է 10.000 դրամին համարժեք բնական գազով և 5.000 դրամին համարժեք էլեկտրաէներգիայով <<յոլա>> գնալ կամ գոյատևել, ապա դա վկայում է այն մասին,որ Հայաստանում ապրոմ են ԾԱՅՐԱՀԵՂ աղքատ կամ անապահով ընտանիքներ՝ հաշվի առնելով նաև կառավարության մատնանշած՝ օժանդակություն ստացած բաժանորդների քանակը․ հաջորդ․ կարելի է ենթադրել նաև, որ նման փոքր ծավալի բնական գազ և էլեկտրաէներգիա հնարավոր է սպառել այնպիսի բնակարաններում կամ տներում, որոնք հիմնական չեն հանդիսանում, օրինակ՝ երկրորդ, երրորդ․․․․հանդիսացող ոչ հիմնական բնակավայրերում, հետևաբար պետք էր ճշտել նաև այդպիսի բաժանորդների շրջանակը՝ անարդար դրսևորումներից խուսափելու նպատակով։ Հետևությունները կարելի է թողնել պատկան մարմիններին․․․․․

Գ) Կառավարությունը գիտակցու՞մ է արդյոք, որ նշված ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը որևէ շոշափելի օգուտ չի տալիս պոտենցիալ շահառուներին, իսկ հետագա ամիսներին նրանք կրկին կանգնելու են <<հին տաշտակի>> առաջ․ կարծում եմ, որ կառավարությունը կարող էր բանակցել <<ՀԷՑ>>-ի և <<Հայռուսգազարդի>> հետ, որի արդյունքում գուցե հնարավոր կլիներ պայմանավորվել, որ, ենթադրենք առաջիկա երեք ամիսներին բոլոր բաժանորդները կամ նրանց մի մասը չեն վճարի բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման դիմաց՝ պայմանով, որ կուտակված պարտքը կբաշխվի առաջիկա 12 կամ ենթադրենք 24 ամիսների վրա․ այս պարագայում, բացարձակ գումարային մեծությունը բեռ չէր հանդիսանա բաժանորդների վրա։ Ավելորդ չեմ համարի նշել նաև, որ այս ծրագիրը, ի թիվս մյուս ծրագրերի, ոչ այլ ինչ է քան ՇՈՈՒ կամ օժանդակության ԻՄԻՏԱՑԻԱ․․․․

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․․

Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ
«Մեկ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ,
տ․գ․թ․,դոցենտ