Ինչպիսի՞ն կլինի եղանակը մայիսին

Հիդրոմետ ծառայությունը ներկայացրել է մայիս ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով: Այս մասին հայտնում են Հիդրոմետ ծառայությունից:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.60C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` +8.20C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով +10.90C: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում` +17...+180C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8...+100C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.50C, այստեղ դեռ  ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը +150C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն  անցումը +100C բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8...-100C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35...+380C (Արմավիր, Մեղրի):

Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-100C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-220C:

Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:

Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում 120-130մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:

Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:

Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր:  Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն  է` 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13 օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի  հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված  օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Սևանա լճի 2020թ. մարտ ամսվա ջրային հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում մարտին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 0.7...3.70C, որը նորմայից բարձր է եղել 4...5 աստիճանով:

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 11-ին՝ 11.0...14.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 6...10 աստիճանով։

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 19-ին և 23-ին՝ -8.0...-3.00C (Մասրիկում՝ մարտի 5-ին՝ -10.00C), երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1.8...4.2 աստիճանով:

Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 20-70%։

Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ` 48.79 մլն.խոր.մ կազմել է նորմայի 95%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 16.1 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 39%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 46.7 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 174%։

Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.45մ։


Մակարդակի փոփոխությունը ամսվա ընթացքում   0.01 (մ)

Մակարդակի փոփոխությունը 01.01.20  31.03.20  ընթացքում 0.02 (մ)

31.03.19 և 31.03.20 մակարդակի տարբերությունը -0.01 (մ)