Ռուսաստանը չի ցանկանում, որ խաղի կանոնները թելադրվեն մեկի կամ երկուսի կողմից. Լավրով

Պուտինի ինքնուրույնությունը նյարդայնացնում է արևմտյան գործընկերներին
լավրով

Ոչ մի երկիր այլևս չի կարողանա միանձնյա խաղի կանոններ թելադրել միջազգային հանրությանը: tert.am-ի և ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Դիվանագետի խոսքով՝ պետությունները, որոնք փորձում են միակողմանի կարգով խաղի կանոններ ձևավորել, վերջնականապես կորցրել են այդ հնարավորությունը՝ բախվելով միջազգային կյանքի անկախ մասնակիցների դիմակայությանը:

«Դա տեղի չի ունենա, քանի որ դա արդեն անհնար է. նրանց դիմակայում են այնպիսիները, որոնք ունեն միջազգային օրակարգի հաստատման հարցում իրենց իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորությունները»,- ընդգծել է Լավրովը:

Նա մատնանշել է, որ նման հավասարակշռող գործոնի դերում է հայտնվել նաև Ռուսաստանը: «Եթե ասենք, որ Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ մյուսներին միայնակ ձևավորել խաղի կանոնները, ապա այո, Ռուսաստանը չի ցանկանում, որ խաղի կանոնները թելադրվեն մեկի կամ երկուսի կողմից»,- հավելել է նախարարը:

Վերջինս նշել է, որ նման անկախ դիրքորոշում միջազգային ասպարեզում Ռուսաստանը ձեռք է բերել, երբ երկիրը գլխավորել է նախագահ Վլադիմիր Պուտինը, և նրա խոսքով՝ «այդ ինքնուրույնությունը նյարդայնացնում է արևմտյան գործընկերներին»: