Երբևէ չի դիտարկվել Ucom-ը ռուսական կողմի կամ այլ երկրի վաճառելը. Գուրգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

12 տարի ընկերության բաժնետերերը, հավատալով հայկական բրենդի գաղափարին, ջանք չեն խնայել ընկերության կայունության ապահովման համար
Live24.am-ը ներկայացնում է

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է Ucom-ի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին։ Նա նշել է, որ Ucom-ը կայացել է, նախևառաջ, ընկերության շուրջ 1700 աշխատակիցների քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ և ընդծել, որ տնօրենների խորհուրդը չէր ցանկանա, որ գոնե մեկ աշխատակից հեռանա ընկերությունից և պատրաստվում են անել հնարավորինս, որպեսզի մարդիկ շարունակեն աշխատել։

«Պետք է անկեղծ լինեմ. իրոք շատ ցավում եմ այս իրադարձությունների համար։ Մեզ համար անընդունելի է այն, ինչ կատարվում է։ Ucom-ը ինստիտուցիոնալ կառույց է և ընկերության բաժնետերերի մեջ ծագած խնդիրները նորմալ չեմ համարում, որ լայն հանրության քննարկումների արժանանա։ Կա ֆիդուցիար պատասխանատվություն բիզնեսում, ինչը նշանակում է, որ ընկերության ղեկավարությունը, այդ թվում նաև ես որպես խորհրդի անդամ, պատասխանատու ենք գործել ընկերության և ոչ թե մեր անձնական շահերից։ Այդ պատասխանատվությունից ելնելով՝ տնօրենների խորհուրդը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ բիզնեսի շարունակականությունն ապահովելու համար», - ասել է Գուրգեն Խաչատրյանը։

Պատասխանելով Ucom-ի նախկին գլխավոր տնօրենին վերաբերվող հարցին, Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ վերջին 12 տարիների ընթացքում Ucom-ի բաժնետերերն ու մենեջմենթը ունեցել են գործընկերային և ընկերական հարաբերություններ: Նա ասել է, որ Հայկ Եսայանը մեծ դեր է խաղացել Ucom-ի զարգացման մեջ և հենց այդ փաստը հաշվի առնելով իրեն առաջարկել են մնալ ընկերության խորհրդի կազմում։ Նա նաև ընդգծել է, որ բիզնես կոռեկտությունից ելնելով, չի բացելու փակագծերը ներքին գործընթացների մասին։

«Միանգամից ուզում եմ հերքել այն քննարկումները, թե դիտարկվում էր Ucom-ը ռուսական կողմին վաճառելը։ 12 տարի ընկերության բաժնետերերը, հավատալով հայկական բրենդի գաղափարին, ջանք չեն խնայել ընկերության կայունության ապահովման համար՝ երբևէ որևէ դիվիդենտ չվերցնելով։ Ավելին, շարունակաբար ջանքերն ուղղվել են հզոր հայկական տելեկոմ բռենդ ունենալու համար», - ասել է Գուրգեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը 2009թ.-ից Ucom –ի հիմնադրման ակունքներում է և հանդիսացել է ընկերության մի շարք միջազգային գործընկներների ներգրավման նախաձեռնող։ Գուրգեն Խաչատրյանը ԱՄՆ Հարվարդի համալսարանի Գործադիր կրթության դպրոցի շրջանավարտ է, տարիներ շարունակ զբաղվել է միայն բիզնես գործունեությամբ՝ հանդիսանալով մի շարք կայացած ընկերությունների համահիմնադիր, այդ թվում նաև «Երևան Մոլի»։