Փաստորեն ռուսական կողմը բացեց խաղաքարտերը. Հայաստանի համար չափազանց վտանգավոր տարբերակ է

Խոսքը գնում է առաջին փուլում հինգ շրջաններից հայկական զինված ուժերը դուրս բերելու մասին, իսկ երկրորդ փուլում արդեն փախստականների վերադարձ, խաղաղապահների հնարավոր տեղակայում, հանրությունների մերձեցման և համատեղ բնակվելու ծրագրերի իրականացում

սուրեն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների օնլայն հանդիպումից առաջ և ըստ էության այս հայտարարությամբ լույս սփռեց բանակցությունների այն պրոցեսի վրա, որը տեղի է ունենում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Փաստորեն ռուսական կողմը բացեց խաղաքարտերը և ներկայացրեց, որ կողմերը բանակցում են փուլային տարբերակի շուրջ: Փուլային տարբերակն ունի իր վտանգները, որովհետև երբ խնդիրը փուլ առ փուլ ես կարգավորում, սկզբում մի բան դու ես զիջում, հետո դրա դիմաց անորոշ ժամանակահատվածում ինչ-որ բան ստանում: Իմ պատկերացմամբ խոսքը գնում է առաջին փուլում հինգ շրջաններից հայկական զինված ուժերը դուրս բերելու մասին, իսկ երկրորդ փուլում արդեն փախստականների վերադարձ, խաղաղապահների հնարավոր տեղակայում, հանրությունների մերձեցման և համատեղ բնակվելու ծրագրերի իրականացում, ինչից հետո նաև հանրաքվե տեղի կունենա: Սակայն դա նույնպես անորոշ է, թե երբ տեղի կունենա և ովքեր են մասնակցելու այդ հանրաքվեին: Արդյոք մասնակցելու են միայն այն մարդիկ, որոնք ենթադրենք մինչև 1988 կամ 1992 թ. բնակվել են Արցախում, թե մասնակցելու են նաև նրանց իրավահաջորդները»,-ասաց միջազգայնագետը նկատելով, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան: Նրա կարծիքով եթե փուլային տարբերակն իրականացվելու է այս տրամաբանությամբ, ապա Հայաստանի համար դա չափազանց վտանգավոր տարբերակ է:

Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ փուլային տարբերակը հնարավոր է վաղուց է քննարկվել, միևնույն ժամանակ կարող է նաև նոր է դրվել շրջանառության մեջ, սակայն փաստն այն է, որ ունենք Հայաստանի համար ոչ ձեռնտու տարբերակ. «Եթե խնդիրը պետք է փուլային տարբերակով լուծվի, թող առաջին փուլում ենթադրենք Արցախի անկախությունը ճանաչվի և դրանից հետո այլ բանակցությունների մանրամասներ քննարկվեն: Ինչու առաջինով պետք է զորքերն ինչ-ինչ տարածքներից դուրս բերել, անորոշ ժամանակ հետո հանրաքվե անցկացնել և այլն»,-նշում է Սուրեն Սարգսյանը:

Վերջինս գտնում է, որ չպետք է համաձայնել փուլային լուծման տարբերակին, քանի որ այն չի բխում Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերից, հետևաբար այն պետք է անընդունելի լինի մեզ համար:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման մաենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Լավրովը նշել է, որ այդ փաստաթղթերը կարգավորման հարցում առաջխաղացում են ենթադրում փուլային մոտեցման հիման վրա:

Աղբյուր` Փաստինֆո