Փաշինյանի հետ 2018-ին աշխատել է Վալերիյ Օսիպյանը. Վլադիմիր Գասպարյանն ուշագրավ մանրամասներ է հայտնել

Երբ ոստիկանը դառնում է այս կամ այն կուսակցության սատարողը, գործիքը, վայ այդ կուսակցությանն ու այդ ոստիկանությանը

Արդյո՞ք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ հանդիպումներ ունեցել է ընդդիմության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Tert.am-ի հետ զրույցում Գասպարյանն ասել է, որ հանդիպումներ չեն եղել, սակայն բոլոր ժամակներում, բոլոր հավաքների ժամանակ, բոլոր ղեկավարների հետ ոստիկանությունը կապ ունենում է, աշխատում է նրանց հետ. «Մարդկանց են հանում փողոց, անվտանգության խնդիրներ են լինում:

Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է Վալերիյ Օսիպյանը, ով քաղաքի ծառայության գծով տեղակալն էր, նա մեր կապավորն էր: Խոսքը եղել է նրա մասին, որ տվյալ ուղղությամբ չպետք է գնալ, գնալ՝ այն ուղղությամբ, այստեղ չխցանել… Աշխատանքային է եղել»:

Հարցին՝ միգուցե հենց այդպես է Օսիպյանը վաստակել ոստիկանապետի պաշտոնը, պարոն Գասպարյանն ասել է. «Ի՞նչ վաստակեց, ի՞նչ վաստակի մասին է խոսքը: Չեն վաստակում, ծառայում են հայրենիքին: Ոստիկանը քաղաքական գործիչ չէ, քաքաղաքական գործընթացների մասնակից չէ, դա նաև օրենքով է արգելված:

Մենք սպա ենք, վերքաղաքական կառույց ենք, պետության մարտիկ ենք, կուսակցության, պողոսի, պետրոսի մարտիկ չենք: Երբ ոստիկանը դառնում է այս կամ այն կուսակցության սատարողը, գործիքը, վայ այդ կուսակցությանն ու այդ ոստիկանությանը»: