ԵՄ-ն կանգնած է դարակազմիկ մարտահրավերի առջև, որից կախված է ամբողջ աշխարհի ապագան․ Հռոմի Պապ

Հռոմի պապը ԵՄ-ին կոչ է արել կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին համերաշխություն դրսևորել․ The Guardian

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Զատկի պատարագին հաջորդած ուղերձում նախազգուշացրել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում զերծ մնալ «եսասիրությունից»՝ Եվրամիությանը կոչ անելով համերաշխություն դրսևորել ճգնաժամային իրավիճակում, գրում է The Guardian-ը։

Հայտնի է, որ Հռոմի պապը կիրակի Սուրբ Զատկի օրվա կապակցությամբ պատարագ է մատուցել դատարկ Սուրբ Պետրոսի տաճարում։ Պատարագին հաջորդած Urbi et Orbi («Հանուն քաղաքի (Հռոմի) և ամբողջ ախարհի») ուղերձում կաթոլիկների հոգևոր առաջնորդը նշել է, որ իր միտքը նախևառաջ «կորոնավիրուսից անմիջականորեն տառապողների» հետ է։

Նա կոչ է արել քաղաքական առաջնորդներին «ակտիվորեն աշխատել համընդհանուր բարօրության համար»՝ նշելով, որ «Եվրամիությունը կանգնած է դարակազմիկ մարտահրավերի առջև, որից կախված է ոչ միայն իր, այլև ամբողջ աշխարհի ապագան»:

«Կորոնավիրուսով ախտահարված աշխարհի շատ շրջաններից ես հատկապես առանձնացնում եմ Եվրոպան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս սիրելի մայրցամաքը համերաշխության ոգու շնորհիվ կարողացավ կրկին բարձրանալ, ինչը նրան թույլ տվեց հաղթահարել անցյալի մրցակցությունը։ Ավելի քան երբևէ, հատկապես ներկայում, անհրաժեշտ է, որ այդ մրցակցությունը չվերականգնի իր ուժը, այլ բոլորն իրար ճանաչեն որպես միասնական ընտանիքի մաս և աջակցեն միմյանց։ Եկեք բաց չթողնենք մեր համերաշխությունը ևս մեկ անգամ ապացուցելու հնարավորությունը։ Միակ այլընտրանքը կոնկրետ շահերի եսասիրությունն է և դեպի անցյալ վերադառնալու գայթակղությունը, ինչը լուրջ վնաս կհասցնի խաղաղ գոյակցությանը և ապագա սերունդների զարգացմանը»,-ասել է պոնտիֆիկոսը։

Պարբերականը նկատում է, որ ԵՄ-ն տարբեր առիթներով քննադատության է ենթարկվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում համերաշխության և մասնավորապես՝  տնտեսական ոլորտում պատասխան միջոցների համակարգման բացակայության համար: