Փաշինյանի նախկին խորհրդականը փակագծեր է բացում. «Երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին»

Կարծում եմ՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը և անձամբ գնահատել, թե ինչի մասին է խոսքը

Զեկույցին ես ծանոթ եմ, սակայն չեմ կարող հրապարակել, ինչպես եւ ցանկացած այլ փաստաթուղթ, որն ինձ հասել է ծառայողական ճանապարհով իմ  վարչապետի խորհրդական աշխատելու ժամանակ: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, ըստ news.am-ի, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը` անդրադառնալով Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին լիցենզիայից զրկելու հետ կապված աղմկահարույց պատմությանը:

«Այսինքն ես կարող եմ բացատրել իմաստը, սակայն չեմ կարող որեւէ մեջբերում անել, կամ հանրայնացնել այդ փաստաթուղթը: Բայց քանի որ այդ զեկույցը գաղտնի չէ, իսկ երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին», ես կարծում եմ՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը և անձամբ գնահատել, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Հակոբ Ճաղարյանը ասաց, որ  համաձայն չէ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած  պաշտոնական պարզաբանման բովանդակությանը: «Ես փորձեմ պարզաբանեմ, թե ինչումն են թերությունները: Ընդհանրապես, ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններն ունեն իրենց գործառույթները,  եւ այդ գործառույթները վերագրված են նաեւ Հայաստանի քաղաքական ավիացիայի կոմիտեին որպես Հայաստանի ավիացիոն իշխանություններ: Ավիացիոն  իշխանություններն ունեն հատուկ գործառույթներ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ: Ոլորտի քաղաքականությունը որոշում է համապատասխան նախարարությունը, իսկ ավիացիոն իշխանությունները կատարում են զուտ տեխնիկական կարգավորումներ, դրանցից են` թռիչքային անվտանգությունը, ավիացիոն անվտանգությունը եւ այլն: Ընդ որում որոշում  ընդունողը, կատարողը եւ վերահսկողը պետք է լինեն միմյանցից անկախ մարմիններ: Միջազգային ավիացիոն կազմակերպությունները տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ ստուգումներ են կազմակերպում եւ անդրադառնում եմ իմ նշած կետերին, փաստորեն այդ զեկույցում  իմ նշված բոլոր ոլորտներում կան նկատողություններ եւ միջազգային կարգավորումներին անհամատեղություններ, այն աստիճան, որ լրատվամիջոցներից մեկում շատ վիրավորական մի փաստ է նշվում, որ Հայաստանը որպես շահագործողի երկիր ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը եւ ավիաընկերություններին, վերահսկել թռիչքային անվտանգությունները միջազգայնորեն ընդունված կանոնակարգի»,- ասաց նա՝ նշելով, որ քաղավիացիայի կոմիտեն իր պարտականնությունները, ինչպես նշված է զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել,  կամ ոչ  պատշաճ է կատարել։

Ճաղարյանի խոսքով՝ ֆեյսբուքյան օգտատերերը հաճախ իրեն քննադատում են՝ ասելով, թե նախկին ռեժիմի հետ է կապված, մինչդեռ ինքը երեբեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել նախկինում․ «Ես երբեւիցե պետական պաշտոն չեմ զբաղեցրել, երբեւիցե որեւէ պետական կառույցում չեմ աշխատել, ոչ էլ համագործակցել եմ: Ես օդաչու եմ, ավարտել եմ զինվորական ուսումնարանը օդաչու-կործանիչի կարգավիճակով, հետո Ակտյումինսկի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնարանը: Կամակերպել եմ Հայաստանի առաջին սեփական ավիաընկերություններից մեկը, երկար տարիներ կառավարել եմ այդ ընկերությունը, աշխատել եմ աշխատի մի շարքն ընկերություններում, առաջին կարգի օդաչու եմ, ունեմ մոտ 8000 թռիչքաժամ, որից 6000-ը Հայաստանում Յակ-40-ի վրա»: