Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը գործում է. ինչպե՞ս այն կաշխատի

Կառավարության որոշման համաձայն՝ ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում և սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց առանց տվյալները մշակելու իրավունքի

«Արդեն գործում է քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։

Այս ծրագրի աշխատանքները համակարգելու է հենց պարետատունը։ Իսկ ընթացակարգն այսպիսին է լինելու. վարակակրի հետ շփված քաղաքացին հաղորդագրություն է ստանալու մեկուսանալու մասին, նրան է ուղարկվում նաև այն հղումը, որով կիրառվելու է ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու և ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու և փոխանցելու ծրագիրը։

Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում և սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց առանց տվյալները մշակելու իրավունքի:

Նկատենք, որ այս հարցը խորհրդարանում թերևս ամենաբուռն քննարկվողներից է և խորհրդարանում երկու ընթերցում էլ անցել է միայն իշխանական խմբակցության ջանքերով։ Սակայն հիշեցնենք, որ այս նախագիծը ստիպված երկու անգամ խորհրդարան բերեցին, քանի որ առաջին անգամ այն տապալվել էր արդեն իշխանական խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։