146 հոգի թոքաբորբ ունի, ծանր է 35 հոգու վիճակը, ծայրահեղ ծանր՝ 8 հոգու վիճակը. Արսեն Թորոսյան

Նախարարը կոչ արեց շարունակել հետևել պարետի ցուցումներին ու մնալ տանը
Արսեն թորոսյան

«146 հոգի թոքաբորբ ունի, ծանր է 35 հոգու վիճակը, ծայրահեղ ծանր՝ 8 հոգու վիճակը: Երեկ ամբողջ օրն ունեցել ենք ընդամենը 11 հաստատված դեպք». Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ սա դրական հանգամանք է, սակայն այս տեմպը պետք է պահել:

«Այս թիվը մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ ազգովի շարունակենք պահպանել այդ թիվը՝ հասնելու համար առավել ցածր ցուցանիշների, և չմտածենք, թե ամեն ինչ արդեն հետևում է, և մենք կարող ենք չանհանգստանալ տարածման մասին: Եթե համեմատենք նախորդ կորերի թվերի հետ, ապա շաբաթ օրն ունեինք 52 դեպք, ուրբաթ՝ 34, եղել են օրեր՝ 73, 92»,- ասաց Թորոսյանը:

Նախարարն առաջարկում է՝ թվերի մեծությունը որպես բացարձակ արժեք չդիտարկել, այլ ուսումնասիրել դրա բովանդակությունը:

«92 թիվը երբ ունեցանք, նրանց կեսից ավելին մեզ հայտնի էին, մի մասը վաղուց մեկուսացված մարդիկ էին և հանրության համար վտանգ չէին ներկայացնում, թիվն ինքնին կարևոր է, սակայն ավելի կարևոր է կառուցվածքը: Կորը հարթեցնելու, տեմպը կոտրելու մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք, եռապատկենք, որ այս հարաբերական դրական արդյունքը պահպանենք երկար ժամանակ, այնքան, մինչև վստահ լինենք, որ լայնածավալ տարածման վտանգ չկա»:

Նախարարը կոչ արեց շարունակել հետևել պարետի ցուցումներին ու մնալ տանը: Արսեն Թորոսյանը ներկայացրեց օրերի հարաբերակցությունը նաև տոկոսներով:

«Օրական տոկոսային աճով որ նայենք, վերջին երեք օրերին 4.6 տոկոս, 6.8 տոկոս աճ ենք ունեցել, վերջին օրը 1.3 տոկոս է եղել: Պետք է պահպանենք այս տեմպը: Հիմա ութ օրը մեկ կրկնապատկում ունենք, մեր խնդիրն է՝ այդ տեմպը գցել՝ որքան հնարավոր է, որ այնքան հեռակա կրկնապատկման տեմպ ունենանք, որ նախկինում հաստատված դեպքերը դուրս գրվեն, հետո նոր դեպքերին կարողանանք տեղավորել մեր մահճակալային ֆոնդում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին 1400 հատուկ մահճակալային ֆոնդ ունենք՝ առանձնացված միայն կորոնավիրուսով հիվանդների համար, որից այս պահին զբաղված է մոտ կեսը.

«Պացիենտների մեծ մասը, որոնք գանգատներ չունեն, կամ թեթև գանգատներ ունեն, հիվանդանոցներում չեն գտնվում, գտնվում են հյուրանոցներում, իհարկե, բժշկական հսկողության տակ: Ընդհանուր վիճակն այնպիսին է, որ պացիենտների մեծ մասն անգամ ջերմություն չունի: 146 հոգի թոքաբորբ ունեցող ունենք, ծանր վիճակում է գտնվում մոտ 35 հոգի, նրանք դեռ ռեանիմացիոն չեն, թթվածնի կարիք ունեն, որը ստանում են: Ծայրահեղ ծանր՝ 8 հոգի ունենք: Ցավոք սրտի, մահ ենք ունեցել նաև, 68-ամյա մեր քաղաքացուն հնարավոր չեղավ փրկել»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ մեկուսացման վայրերում են գտնվում 1500 քաղաքացի, հատուկ ցուցումով ինքնամեկուսացված են 5000 քաղաքացի, որոնց վիճակը պարբերաբար ստուգվում է: Նախարարի պնդմամբ՝ մեկուսացումից դուրս եկած ավելի քան 400 քաղաքացի ունենք: Փոխվել են նաև դիմակ կրելու խորհուրդները.

«Մեզ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ չենք պարտադրում, խրախուսում, որ դիմակներ օգտագործեն: Մենք միշտ ասել ենք, որ դրանք ցուցված են բուժաշխատողներին կամ հիվանդներին: Հիմնվելով համաշխարհային փորձի վրա՝ փոխվել են նաև այս խորհուրդները: Հիվանդությունը հիմնականում տարածվում է տարբեր մակերեսներից ձեռքով վերցնելու և ձեռքը քթին, բերանին, աչքերին հպելու պատճառով: Դիմակներն այստեղ պետք են ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու համար, այլ հիմնականում օգնում են, որ անգիտակցորեն ձեռքը չմոտեցնենք շուրթերին, քթին, ակնոցն էլ օգնում է, որ աչքերին չհպենք ձեռքը»:

Նախարարը հիշեցրեց նաև հաճախակի լվացվելու անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է դիմակների դեֆիցիտին, Թորոսյանն ասաց.

«Հայաստանում արդեն սկսել են դիմակներ կարել, չնայած գինը հարաբերականորեն բարձր է: Դիմակներ կարելի է կարել նաև տնային պայմաններում, կտորային, դրանք պարբերաբար պետք է թարմացվեն կամ լվացվեն շատ բարձր ջերմությամբ ջրով»,- պարզաբանեց նախարարը: