Տականքներ մի փնտրեք. դա վատ տոն է ու քաղաքապետին չի սազում. Հռիփսիմե Առաքելյանը՝ Հայկ Մարությանին

Ինչ վերաբերում է Ձեր աշխատաոճին՝ զարմանում եմ, բա Ձեզ չե՞ն ասել, որ հիմա ամեն բան օն֊լայն է, երկիրը արտակարգ դրության մեջ է, և Դուք պարտավոր եք օն֊լայն հաշվետվողականություն ապահովել, ինչպես բոլորը

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա ուղիղ հեռարձակման տեսանյութը՝ նշելով, որ վերջապես քաղաքապետը «գտնվեց»:

Ավագանու անդամը նշել է, թե ինքը երջանիկ է, որ քաղաքապետը պատասխանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, սակայն շատ զավեշտալի բառամթերք է ընտրել դա անելու համար:

«Ո՞ւմ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ Դուք կարանտին եք պահում անգամ աշխատավայրում ու Ձեր գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալի՞ս, էն որ ոչ ոքի հետ չեք հանդիպում ու Կամազների ֆոնին բաց օդում սելֆի-լայվն ամենաանվտանգն է՞։ Ձեզ կարող ենք ալկոգել ու դիմակ էլ տալ, ինչը միայն այն ժամանակ հայտնվեց քաղաքապետարանի շենքում, երբ կորոնավիրուսային արձակուրդից հետ եկաք»,- գրել է նա:

Հռիփսիմե Առաքելյանը նաև նշել է, որ թե հասկանում է, որ քաղաքապետը սթրեսի մեջ էր, փակվել էր ու քաղաքապետարանի ողջ անձնակազմը՝ ի տարբերություն այլ պետական կառույցների, անդիմակ ու անալկոգել աշխատում էր, մինչև այն պահը, երբ Հայկ Մարությանը «ոտք դրեց կորոնաարձակուրդից քաղաքապետարանի շենք»։

«Միևնույն է, ես ուրախ եմ, որ մեր գրառումներին հետևում եք, գոնե երևանցին Ձեզ տեսավ։ Ինչ վերաբերում է Ձեր աշխատաոճին՝ զարմանում եմ, բա Ձեզ չե՞ն ասել, որ հիմա ամեն բան օն֊լայն է, երկիրը արտակարգ դրության մեջ է, և Դուք պարտավոր եք օն֊լայն հաշվետվողականություն ապահովել, ինչպես բոլորը, Դուք թիմից Ձեզ մի առանձնացրեք և Ձեր վախերը մի բարդեք առանձնահատուկ լինելու վրա, այսօր բոլորից տեղեկություն սփռվում է օն-լայն, ճիշտը տեղում լինելն է ու չվախենալը, կորոնավիրուսով, եթե վարակվեք էլ՝ շուտ կլավանաք, մի՛ մտածեք»,- գրել է Հռիփսիմե Առաքելյանը՝ քաղաքապետին կոչ անելով դուրս գալ ստերիլ տարածքից ու աշխատել:

«Տականքներ էլ մի փնտրեք, դա վատ տոն է ու 82% ձայն ստացած քաղաքապետին չի սազում»,- եզրափակել է նա: