Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում. «Իրավունք»

Ըստ քննադատողների` ես այնքան հիմար էի, որ ուզում էի իմ տան անդամները, իմ հարազատները, բոլորը վարակվեի՞ն, ու ես էլ մահվան ճիրաններում գտնվեի՞

«Իրավունքի» հետ զրույցում Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը, դեպքից մանրամասներ է պատմել:

Տիկին մասնավորապես նշել է․  «Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում: Ես սիստեմա չեմ ընդունել եւ գնացել նշանդրեքի: Մենք շտապօգնությամբ տուն ենք կանչել բուժքրոջը մարտի 9-ին, իսկ նշանադրության արարողությունը եղել է մարտի 8-ին: Արարողությունից տուն եմ եկել եւ ամբողջ գիշեր ջերմություն եմ ունեցել, առավոտյան արդեն բուժքրոջը կանչել ենք: Եկավ եւ ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածված, թոքաբորբ եմ տանում: Սիստեմա միացրեց, ասաց, որ նորմալ կլինի: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկա: Բայց քանի որ ջերմությունս չիջավ, հաջորդ օրը որոշեցի գնալ  թոքերս նկարեն` մտածելով, որ եթե չի իջնում ջերմությունս եւ ցավ ունեմ մեջքի, ուրեմն` թոքերի հետ կապված խնդիր կա: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմյան թոքաբորբ ունեմ եւ ուղարկեց ուրիշ բժշկուհու մոտ, որպեսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի եւ ստանամ  դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լավ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետեւից ընկել, թոքաբորբ է, դեղերը կնշանակենք, կանցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պետք է նշանակեր, երբ իմացավ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման անալիզ հանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ հանձնել: Եվ այդպես եկա X հիվանդանոց: Իսկ այն լուրերը, թե շուտ եմ իմացել, սիտեմա եմ ընդունել ու հետո` գնացել նշանադրեքի, լրիվ սխալ տեղեկություններ են»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է արձանագրել, որ մինչ նշանդրեքը նա որեւէ ախտանշան չի ունեցել՝ տիկինն ասել է․ «Ես ո՛չ ջերմություն եմ ունեցել, ո՛չ այլ խնդիր: Միայն մի քանի օր համի զգացողությունս էր բացակայում, բայց դրանից ի՞նչ ենթադրեի, որ ինձ մոտ կարող է լինել նման բան: Ասում էին` պետք է գրիպի նման լինի, կոկորդի ցավ ունենաս, բարձր ջերմություն, բայց այդպիսի ախտանշաններ չեմ ունեցել»:

«Վերադարձել եմ փետրվարի 29-ին, օդանավակայանում բոլորիս ստուգել են, գրանցել են անուն-ազգանունով ու գրեթե ամեն օր զանգում, հարցնում էին, թե ինչպես ենք մեզ զգում, ջերմություն ունենք, թե` ոչ: Ասում էինք, որ լավ ենք, նորմալ է ամեն ինչ: Այդպես մինչեւ երեւի մարտի 4-ը»,- նշել է նա։

Իսկ մարտի 9-ին իրեն բուժհիմնարկ, կնոջ խոսքով, ուղեկցել է ամուսինը։ Նրա խոսքով Իտալիա մեկնել են փետրվարի 15-ին, «նպատակս ծնունդս նշելն էր, որը փետրվարի 18-ին էր: Քանի որ Իտալիան շատ եմ սիրում, ամուսինս որոշել էր անակնկալ անել: Երեք օրով եղել ենք այնտեղ, այնուհետեւ գնացել եմ քրոջս տեսնեմ, որը բնակվում է Ֆրանսիայում: Հինգ օր էլ եղել եմ այնտեղ, հետո վերադարձել եմ Միլան, այնտեղից էլ` Հայաստան»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում իր անվան շուրջ բարձրացված աղմուկին, պատասխանել է․ «Այդ տգիտությանն ինչպե՞ս վերաբերվեմ, Դուք կարո՞ղ եք ասել: Ըստ քննադատողների` ես այնքան հիմար էի, որ ուզում էի իմ տան անդամները, իմ հարազատները, բոլորը վարակվեի՞ն, ու ես էլ մահվան ճիրաններում գտնվեի՞: Իմանալով հանդերձ, թե վարակակիր եմ, նշանադրություն եմ արել, ջհանդամ, թե հետո չեմ մեռնի՞: Չգիտեմ, չեմ կարող մարդկանց ուղեղի մեջ մտնել եւ հասկանալ, թե իրենք ինչպես են մտածում»։

Կնոջ խոսքով համացանցում տարածված իր անձնական տվյալների համար դեռ չի մտածում ՄԻՊ-ին դիմելու մասին․ «Հիմա այն վիճակում չեմ, որ դիմումներով զբաղվեմ: Առաջին հերթին մտածում եմ իմ առողջության մասին, Ֆեյսբուք էլ ընդհանրապես չեմ մտնում: Երբեւէ չեմ էլ սիրել այդ ցանցը, հիմա էլ աշխատում եմ չմտնել ինտերնետ, չկարդալ, չտեսնել, չնյարդայնանալ: Տեղից արդեն եղած ասեկոսեներից բարկանում եմ: Բայց հարազատներս հանցագործության վերաբերյալ հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին, որ գոնե կանխարգելիչ որոշում կայացնեն` քրգործ հարուցելով, որ դադարի հասարակական ատելությունն ու անպատվությունները, մինչդեռ մինչեւ օրս որեւէ արձագանք չկա: Ասում են, որ իմ նկարներն են տեղադրել սոցցանցում, ի՞նչ իրավունքով, ես երբեւէ սոցցանցերում նկար չեմ ունեցել: Ո՛չ իմ ամուսինը, ո՛չ տղաներս չեն սիրում այդպիսի բան: Մեր տանը որոշում է եղել, որ երբեւէ սոցցանցում նկար կամ ֆեյսբուքյան էջ չունենամ: Մինչդեռ այսօր մարդիկ անընդհատ իմ նկարները դնում են համացանցում: Սա մարդու իրավունքների խախտում չէ՞, դատական գործ չի՞ հարուցվելու իրենց վրա: Դուք դեռ չգիտեք, թե որոշ բժիշկների վերաբերմունքն ինչպիսին էր իմ հանդեպ, կարծես, ես հանցագործ էի: Նրանք մեծ աղմուկ բարձրացրին, անգամ չուզեցին լսել իմ խոսքը: Ոչ ոք չհարցրեց ինձ, թե որ օրն եմ վատացել, ի՞նչ է եղել: Բայց դուրս եկան, ինչ-որ հայտարարություններ արեցին, վարչապետին էլ լուրեր հասցրին, եւ պարոն Փաշինյանը, հավատալով այդ լուրերին, ինքը հայտարարություններ սկսեց անել: Կարելի՞ է այդպիսի բան անել, թող մարդ ուղարկեին վարչապետի կողմից, ինձ հարցեր տային, իմանային, թե ինչպիսին է եղելությունը: Ուղղակի, զարմանում եմ` ինչքան չարություն կա մարդկանց մեջ: Ամբողջ աշխարհը կարեկցում է վարակակիր մարդկանց, մտածում` ինչով օգնի: Մի՞թե ես եմ այդ վիրուսը ստեղծել, զարմանում եմ` մարդիկ ինչքան կարող են չար, անհոգի լինել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունքի»  թերթի՝ 19.03.20թ. համարում։