«Սերժի վախտից» 247.000 $-ով ավելի. 1 տարում 287.000 $ պարգևավճար՝ Սյունիքի մարզպետարանում. Yerkir.am

Ստացվում է պարադոքս իրավիճակ. մարդիկ իրենք իրենց պարգևատրում են ոչ թե ծրագիր իրականացնելու, այլ՝ չիրականացնելու համար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչեւ 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Բավականին խրթին տեղեկատվություն պարունակող գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ համաձայն «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի, Սյունիքի մարզպետարանի 2019 թ. պարգեւատրման ֆոնդը կազմել է 89117.9 հազ. դրամ, իսկ խնայված ֆոնդից պարգեւավճարների չափը 2018 թ. դեկտեմբեր ամսին կազմել է 18852.9 հազ. դրամ, 2019 թ.՝ 47781.0 հազ. դրամ:

Քանի որ պարգեւատրման այլ հոդվածի կամ ֆոնդի մասին չկա հիշատակում՝  պատասխանից ենթադրելի է, որ 2018 թ. պարգեւավճարները գոյացել են միայն խնայված միջոցներից՝ կազմելով 18.852.900 դրամ, իսկ ահա 2019 թ., Արարատի եւ Լոռու մարզպետարանների օրինակով, պարգեւավճարների թիվը կտրուկ ավելացվել է լրացուցիչ եղանակով, այս պարագայում՝ ««տարածքային պետական կառավարման ապահովում» ծրագրի 11001 միջոցառման շրջանակում», նշված «խնայված միջոցներին» (47.781.000 դրամին) գումարելով եւս 89.117.900 դրամ: 

Նամակում նշված է նաեւ, որ Սյունիքի մարզպետը խնայված ֆոնդից պարգեւավճար չի ստացել: Հետեւաբար՝ եթե Հունան Պողոսյանը խնայված ֆոնդից չի ստացել, փոխարենը ստացել է պարգեւատրման՝ շուրջ երկու անգամ ավելի մեծ ֆոնդից, ապա ո՞րն է տարբերությունը կամ մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ Հունան Պողոսյանի դեմքը փրկելու քայլի իմաստը:

Հետաքրքրական է նաեւ, որ, համապատասխանաբար՝ 133, 133 եւ 138 աշխատակիցներ ունեցող Արարատի, Լոռու եւ Սյունիքի մարզպետարաններում 2019 թ. վճարվել է համապատասխանաբար՝ 245.000 $, 308.000 $ եւ 287.000 $ պարգեւավճարներ. աշխատակիցների գրեթե միեւնույն թվով պետական հիմնարկներում պարգեւավճարների անտրամաբանական տարբեր թվեր:

Նամակում գործածվող «խնայված ֆոնդ» եզրույթը եւս մոլորեցնող է. ըստ էության՝ այդ «խնայված» գումարները գոյացել են ծրագրերի չիրականացումից կամ թերի/կիսատ  իրականացումից, եւ այդ գումարները պետական բյուջե հետ վերադարձի փոխարեն բաշխվել են որպես պարգեւավճարներ: Ստացվում է պարադոքս իրավիճակ. մարդիկ իրենք իրենց պարգեւատրում են ոչ թե ծրագիր իրականացնելու, այլ՝ չիրականացնելու համար, եւ ինչքան շատ չիրականացնեն ծրագրեր կամ իրականացնեն թերի/կիսատ, այնքան շատ գումար «կխնայեն», արդյունքում՝ կմեծանա պարգեւատրման – խնայման ֆոնդը, իսկ բաշխումը կլինի առավել «յուղալի»:

Եզրակացություն. Սյունիքի մարզպետարանում պարգեւավճարի տեսքով 2018 թ. վճարվել է ընդամենը 18.852.900 դրամ (շուրջ 39.500 $), իսկ ահա նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող եւ «պետական բյուջեն ծայրահեղ խնայող» նոր իշխանությունների օրոք հաստատված բյուջեով, 2019 թ. «խնայված» 47.781.000 դրամ-պարգեւավճարին ավելացվել է եւս 89.117.900 դրամ, ինչի արդյունքում 2019 թ. Սյունիքի մարզպետարանում պետական բյուջեից հաճույքով ըմբոշխնել են շուրջ 136.900.000 (287.000 $) դրամ կամ 118.046.000-ով (247.000 $-ով) ավելի, քան ծախսվել է 2018 թ.՝ «Սերժի վախտ» հաստատված բյուջեով: