Իտալիայում համատարած կարանտին է

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 106 երկրներում՝ 4 000 մարդու մահվան պատճառ դառնալով

Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Մինչև ապրիլի 3-ը առանց հիմնավոր պատճառների բնակավայրերի միջև տեղաշարժը սահմանափակված է։ Իշխանությունները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տներից՝ բացառությամբ աշխատանքի և խանութներ գնալու: Փակ են բոլոր դպրոցներն ու համալսարանները, մարզական միջոցառումները չեղարկվել են:


Երեկ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1807-ով: irates.am-ի տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվն անցել է 9 000-ը, մահացել է 463-ը: Բանտերում անկարգություններ են սկսվել։
Եվրոպայում վարակվածների թիվն աճում է, Իտալիայից հետո ամենաարագ տարածումը Ֆրանսիայում է՝ 1,5 հազար դեպք, մահացել է 30 մարդ: Վարակվածների թվում են մշակույթի նախարարը և Աժ պատգամավորներ:
ԱՄՆ-ում ևս մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ վարակված են, նրանցից երկուսի հետ շփվել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Իռլանդիայում, որտեղ 24 հիվանդ կա, չեղյալ են հայտարարվել Սուրբ Պատրիկի օրվա միջոցառումները:


Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 106 երկրներում՝ 4 000 մարդու մահվան պատճառ դառնալով: Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակված է մոտ 114,5 հազար մարդ: