Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիների համար բավարար չէր

ԵՄ-ն իր աջակցությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» ոլորտներով

Վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիների համար բավարար չէր:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Փաշինյանի բրյուսելյան այցին:

Գրառումն ամբողջությամբ.

«Փաշինյանի Բրյուսելյան զբոսանքի վերջին հանգրվանը հանդիպումն էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների համեմատական վերլուծությունը հատկանշական երանգներ է ի ցույց դնում։

Հայկական կողմի տեքստում նախընտրություն է տրվել ներքին օրակարգի մասին զեղումներին, որոնցից այնուհանդերձ պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր աջակցությունը չի հայտնել սահմանադրական հանրաքվեին, այլ սահմանափակվել է «ռեֆորմներ», «կոռուպցիայի դեմ պայքարի», «դատաիրավական» ոլորտներով։

Եվրոպական կողմը, իր հերթին նախընտրություն է տվել Արցախյան հակամարտության կարգավորման թեմային, վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչի մասին հիշատակում հայկական տարբերակում չկա։

Իր հերթին կառավարության տարբերակում խոսք է գնում Վիզաների ազատականացման խնդրի մասին, որի շուրջ եվրոպական կողմը լուռ է։

Մի խոսքով, վերջնականապես պարզ դարձավ, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել հանրաքվեն «սղցնելու» համար, բայց դա եվրոպացիների համար բավարար չէր»։