Սպառողն ահազանգում է. ի՞նչ է կատարվում ձվի շուկայում

Փոքր արտադրողները հավաստիացնում են, որ որոշ խոշոր արտադրողներ սպառողին շփոթեցնող քայլերի են դիմում

2020 թվականի հունվարին, ի տարբերություն բազմաթիվ լայն սպառման ապրանքների գնաճի, ձվի շուկայում աննախադեպ գնանկում արձանագրվեց, ինչը սպառողի համար, իհարկե, շահեկան, իսկ ահա արտադրող ընկերությունների համար՝ վնասակար միտում ուներ։

Ձվի նման կտրուկ գնանկումը թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում բազմաթիվ շահարկումների տեղիք տվեց։ Տնտեսվարողները ձվի էժանացման իրենց բացատրությունն ունեին՝ գերարտադրություն է. արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է։

Փաստը, որ այսօր ձու կարելի է գնել ընդհուպ 15-30 դրամով, շատերին տեղիք տվեց պնդելու, որ ոլորտի խոշոր խաղացողներն այդկերպ որոշել են դեմպինգ անել՝ փոքրերին դաշտից դուրս թողնելու նպատակադրումով: Այդ վարկածը, սակայն, կարծես թե ժխտվում է։ Թռչնաբույծների միության նախագահը ևս իրատեսական չի համարում դեմպինգի տարբերակը։

Շուկայում ստեղծված խառնաշփոթին ամենացավոտն արձագանքում են փոքր տնտեսվարողները. նրանք պնդում են, որ իրենց համար ինքնարժեքից էլ ցածր գին է գոյացել, ինչը ռիսկի տակ է դնում իրենց հետագա գործունեությունը:

Փոքրերը հավաստիացնում են նաև, որ որոշ խոշոր արտադրողներ սպառողին շփոթեցնող քայլերի են դիմում: Իրավիճակը նաև գնորդներին է ավելի զգուշավոր դարձրել. ցուցափեղկին մոտենալիս, նրանք արդեն հանգամանորեն ուսումնասիրում են ոչ միայն արտադրության մակնշումը, այլ անգամ ձվի վրա տեսակավորման կոդերի ու տուփերի համապատասխանությունը՝ նախքան կկատարեն գնումը:

Ու ինչպես վերջին օրերի բազմաթիվ ահազանգերն են փաստում՝ ոչ առանց հիմքի: Եվ այսպես, պարզվում է՝ երևանյան անխտիր բոլոր սուպերմարկետներից գնում կատարելիս հանդիպում ենք մի երևույթի, երբ ակնհայտ խախտումներ են թույլ տրվում՝ սպառողին մոլորեցնելու նպատակով: Խոսքը ձվի արտադրության ոլորտի մի քանի հայտնի ընկերությունների կողմից կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջների կոպիտ խախտման մասին է: Տուփի վրա նշված XL բնորոշումն, օրինակ, ենթադրում է, որ ներսում առկա ձվերի տեսակը և կարգին համապատասխանող ծածկագիրը պետք է համապատասխանեն տուփի վրայի մակնշմանը, ինչը, պարզվում է, այդքան էլ այդպես չէ: Խնդիրը ֆիքսել են ոչ միայն գնորդներն, այլ նաև փորձագետները:

Այն, որ ձվի շուկայում անազնիվ մրցակցության երևույթներ կան, հավաստում է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում:

Խախտումների մասին կարելի է պատկերացում կազմել՝ ընդամենը կշռելով տեսակավորված հավկիթները: Բանն այն է, որ նույնականացման համար անհրաժեշտ ձվերի առանձին քաշային կարգերի ցուցանիշները սահմանված են կառավարության 2011 թվականի համապատասխան որոշմամբ: Դրանք փաստում են, որ շատ խոշոր՝ XL չափսի ձվի քաշն, օրինակ, չպետք է պակաս լինի 73 գրամից, խոշոր՝ L չափսի ձվի քաշը՝ 63 գրամից, միջին՝ M չափսի ձվինը՝ 53 գրամից, իսկ ահա մանր՝ S չափսի ձուն պետք է կշռի ոչ պակաս, քան 44 գրամ:

Սուպերմարկետներից պատահական ընտրությամբ ձեռք բերված հավկիթների կշռումը պարզեց, որ խախտումներն ակնառու են:

Փաստորեն, գնանկումը ստիպեց խոշորացույցի տակ վերցնել ձվի շուկան, ինչն էլ ի հայտ բերեց բազմաթիվ խնդիրներ՝ հարվածի տակ դնելով սպառողի վստահությունը, ինչը տարիների ընթացքում է ձևավորվել:

Թերևս այն վերականգնելու և անազնիվ մրցակցության դրսևորումները բացառելու միտում ունի նաև Ազգային Ժողովի ու կառավարության համատեղ նախաձեռնությունը՝ քննարկել ոլորտին առնչվող հարցերն՝ արտադրող ընկերությունների հետ:

Մանրամասները՝ Live24.am-ի տեսանյութում