Ադրբեջանի զորքերը մարտի 2-ից 6-ը զորավարժություններ կանցկացնեն

Զորավարժությունները կանցկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ` տեղանքում, քարտեզներով և տեղանքների մանրակերտերով

Ադրբեջանի զորքերի` 2020 թվականի ուսումնական տարվա մարտական պատրաստության ծրագրի համաձայն` մարտի 2-ին ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ կսկսվեն: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի ունենալիք զորավարժությունները կանցկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ` տեղանքում, քարտեզներով և տեղանքների մանրակերտերով»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն` զորավարժությունների յուրաքանչյուր փուլում կվերանայվեն իրավիճակի զարգացման կարևոր հարցերը` միևնույն ժամանակ հաշվի առնելով մարտական պատրաստության բարձրացումը, զորքերի` ժամանակին և համակողմանի ապահովումը, այդ թվում` տեղեկատվական առումով: 

Զորավարժությունները կանցկացվեն մարտի 2-6-ը: