Պետք է իմանալ, թե ինչի և ինչ ուժերի դեմ ենք պայքարում, և պիտի շարունակենք պայքարել համառորեն. Պարգև Սրբազան

Ամեն ինչ պիտի անենք, որ ճանաչել տանք Արցախի Հանրապետությունը, և սա այն սահմաններում, որն այսօր ունենք, որն ամրագրված է Արցախի Սահմանադրության մեջ

Ամեն ինչ պիտի անենք, որ ճանաչել տանք Արցախի Հանրապետությունը, և սա այն սահմաններում, որն այսօր ունենք, որն ամրագրված է Արցախի Սահմանադրության մեջ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Սրանք մեր պատմական հողերի մի մասն են: Իրենք սկսեցին պատերազմը, իրենք էլ պարտվեցին: Եվ իրենք են խախտում զինադադարի պայմանագիրը, ոչ թե մենք: Երբ ես հանդիպում եմ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, իրենք ինձ ասում են՝ պիտի կոմպրոմիսի, զիջումների գնանք, բայց զիջումները լինում են երկկողմանի: Վերջերս Իլհամ Ալիևն ասաց՝ ետ եք տալիս 7 շրջանները, զինված ուժերը հանում եք, հետո կմտածենք, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակ ենք տալիս Արցախին: Տեսել ենք այդ կարգավիճակը, Նախիջևանում հայություն չմնաց, նույնն էլ անում են Արցախի հանդեպ», ասել է Պարգեւ սրբազանը:

Արցախի թեմի առաջնորդը պատմել է, որ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչն իր հետ խոսել է կոմպրոմիսի գնալու անհրաժեշտության մասին, ինքն էլ առաջարկել է, որպես ժողովրդավարության ջահակիր երկիր՝ առաջինը դիմել նման քայլի, ետ վերադարձնել Ալյասկան Ռուսաստանին, Տեխասը՝ Մեքսիկային, հետո հարցրել. «Մենք ինչո՞ւ պիտի մեր պատմական հողերը հետ տանք»:

«Նույնը ռուս կարևոր մի անձնավորություն, երբ խոսում էր նույն թեմայով, ասացի՝ դուք Սախալինը, Կուրիլը տվե՞լ եք, դուք Կալինինգրադ-Քյոնիսբերգը տվե՞լ եք, ասում է՝ ոչ, պատասխանեցի՝ եթե դուք չեք տվել, բա ինչի՞ եք ստիպում, որ մենք մեր պատմական հողերը ետ տանք: Լռում են: Կոսովոն կարող են ճանաչել, իսկ ինչո՞ւ Արցախը չեն ճանաչում, հատկապես, երբ Կոսովոյի դեպքում շատ վիճելի բաներ կան, իսկ Արցախի դեպքում վիճելի բան չկա: Դա մեր տարածքն է, իսկ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվին, մինչ այդ գոյություն չի ունեցել: Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները չեն ուզում սահմանների նոր վերաձևումներ: Դա հաճելի չէ գերպետությունների համար, կամ՝ եթե անում են, փորձում են ի շահ իրենց անել՝ Օսիա, Աբխազիա, Ղրիմ: Կամ՝ եթե պիտի բանակներ մտնեին Սիրիա, Իրաք, մտան: Մենք տեսնում ենք նաև քարտեզներ, որտեղ այդ մեծ պետությունները փորձում են Մերձավոր Արևելքն ամբողջովին ձևափոխել: Իրենք կամենում են սահմանը փոխել այնպես, ինչպես իրենք են կամենում, ոչ թե՝ ինչպես պատմական արդարությունն է պահանջում», ասել է Պարգեւ սրբազանը:

Արցախի թեմի առաջնորդի կարծիքով՝  պետք է ռեալ դիտարկել  հարցերը, իմանալ, թե ինչի դեմ, ինչ ուժերի դեմ ենք պայքարում, և պիտի շարունակենք պայքարել համառորեն: «Արդեն ավելի քան 30 տարի այդ ճանապարհին կանգնած ենք և թանկ գին ենք վճարել, արյուն ենք տվել, կորուստներ ենք ունեցել, քայքայված գյուղեր, շեներ, քաղաքներ ենք ունեցել, փախստականներ… Շատ մեծ գին է վճարված», ասել է նա:

Անցած մեկուկես ամսում բանակում տեղի ունեցած սպանության և ինքնասպանության դեպքերի առնչությամբ սրբազանն ասել է, որ պետք է նախ ճշգրիտ ախտորոշել՝ հիմնավոր բուժման համար:

«Ամեն դեպք պետք է առանձին ձևով ուսումնասիրել, պետք է վերլուծական ճիշտ աշխատանք կատարվի՝ պարզելու դրդապատճառները, և, թե ինչ կարելի է անել: Կարելի է հապճեպ պատժել շատ մարդկանց, բայց կարող է այդ մարդիկ, այո, ղեկավար են, բայց իրենք չեն մեղավորը: Հիմա երկրի ղեկավար է, և հանրապետության ծայրամասում մեկը խմած, մեքենայով մի տասը մարդու սպանել է, դրանում երկրի ղեկավա՞րն է մեղավոր: Չի կարելի այդպես վերաբերվել, պետք է ուսումնասիրել:

Արդյոք իրավիճակը հերոսների վարկաբեկման հետեւանք չէ, որ զինվորը չենթարկվի վերադասին, սպայի պաշտպանվածության, դերի բարձրացման խնդիրներ կան.

«Հնարավոր է: Սա՝ առաջինի դեպքում: Բայց ես լսել եմ նաև, որ սպաներն ասում են՝ զինվորն իրեն շատ անկարգ է պահում, ինձ բոլորի մոտ վիրավորում է, իսկ եթե ես իմ պատիվը պաշտպանելու համար ապտակեմ, ինձ կնստեցնեն, իսկ զինվորին ոչինչ չեն անի: Կա մեկ այլ երևույթ. երբեմն էլ սպան է իր սահմաններից անցնում և տեղի-անտեղի կարող է հայհոյել զինվորին: Նման դեպքեր էլ են լինում: Այնպես որ՝ սա երկկողմանի խնդիր է. միայն սպան չէ մեղավոր, կամ միայն զինվորը: Պետք է բալանսավորումը, օպտիմալ մոտեցումը գտնել:

Բարդ խնդիր է, ամենօրյա աշխատանք է պահանջում: Ամեն մի զորամաս պիտի վերածել ընտանիքի, մյուս կողմից՝ ամեն ընտանիքում էլ զավակներ են լինում, որ ինչքան էլ ծնողն ասում է, նա մնում է չարաճճի, անուղղելի:

Ցավոք, փակ համակարգերում՝ բանակ, գիշերօթիկ, բանտ, որտեղ տաքարյուն երիտասարդներ շատ կան, այդպիսի կնճռոտ, շատ ցավոտ երևույթներ առկա են», ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: