Ցավոք, հիմա արդեն պայքարում ենք հայկական պետության գոյության համար

Առաջինը Հայաստան նախաձեռնություն

Հարգելի քաղաքացիներ:

Այսօրվա մեր բոլորի ներկայությամբ մենք վերահաստատում ենք մեր կայունությունը պետականություն կերտած անձանց սատար կանգնելու գործում:

Այսօր սկիզբ է դրվում անօրինականությունների հերթական փուլին:

Իրավական պետությունը մեր երկրում այլևս քայքայված է:

Ցավով եմ նշում, բայց հիմա պայքարում ենք, ոչ թե իրավական պետության համար, այլ պայքարում ենք հայկական պետության գոյության համար:

Իրավական պետության դեֆիցիտը մեր երկրում սկիզբ է առել 2018 թվականի իշխանության բռնազավթմամբ ու բռնազավթումից հետո: Սկսվեցին քաղաքական, իրավական, բարոյական ճնշումների տարափ: Այդ տեղատարափի թիրախը մարդիկ էին, ովքեր պայքարել են ու պայքարում պետականության պահպանման համար և առաջնային թիրախում էին մարդիկ ովքեր կերտել են մեր անկախ պետականությունը: Ովքեր կերտել են Արցախի հաղթական պայքարը:

Նախագահ Սարգսյանը հենց այդ մարդն է: Մարդ, ով Իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքի անկախությունը կերտելուն ու այդ անկախությունն ամեն գնով պահելուն:

Իշխանությունը բռնազավթածները չեն կարողացել ուրիշ ոչինչ հորինել և այդ պատճառով այս անհեթեթ պրոցեսն են նախաձեռնել, որը ոչ մի ընդհանրություն չունի ոչ իրավունքի և ոչ իրավականության հետ: Ու այս ամենն արվում է պետականությունը հեշտությամբ կոտրելու նպատակով: Որովհետև սա անողները շատ լավ գիտեն, որ նախագահ Սարգսյանը երբեք, երբեք թույլ չի տա խաղալ մեր երկու հայկական պետականությունների անկախության, կայունության, տարածքային ամբողջականության, մեր միասնականության հետ:

Բայց ես այս անօրինական պրոցեսը նախաձեռնողներին ուզում եմ շատ խիստ հիասթափեցնել: Դուք չեք կարող կոտրել կամ լռեցնել ոչ նախագահ Սարգսյանի աջակիցներին ու ՀՀ գիտակից քաղաքացիներին, ոչ էլ առավել ևս նախագահ Սարգսյանին: Ու այստեղ ներկա երիտասարդների հոծ բազմությունը անառարկելի վկան է առ այն, որ մենք լավ գիտենք իրականությունը, իրական հերոսներին ու իրական պայքարողներին: Ու այդ մարդիկ գնահատված են ու միշտ են գնահատված լինելու:

Ոչ ոք ու ոչինչ այդ թվում նաև կեղծ քրեական գործերով չի կարողանալու ստվերել նախագահ Սարգսյանի անգնահատելի ու մեծ ավանդը մեր երկու անկախ պետականությունների անվտանգության ամրապնդման, շահերի աննահանջ պաշտպանության, ներքին և արտաքին կայունության պահպանման գործում:

Առաջինը Հայաստան նախաձեռնություն