Ամոթ է պարզապես, ինչպես կարող է այսքան մահ, ինքնասպանություն լինել

Տղադ գնաց, չգնաց բանակ դու մյուսներին հավասար ես

«Ոչ մարտական կորուստների թիվը նվազեցնելու համար առաջին կարևոր քայլը արդեն վարչապետն արել է, ովքեր եղել են պատասխանատու, արդեն ազատվել են աշխատանքից», -ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ և ԼՂՀ Առաջին աստիճանի մարտական խաչերի ասպետ, հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գնդապետ Արթուր Ալեքսանյանը:

Գնդապետն առաջարկում է ստեղծել դիսբատ (дисциплинарный батальон), որպեսզի բոլոր կարգազանցներն այդտետ ծառայեն և մյուսներին դաս լինի, որ բանակում քրեական ենթամշակույթ կրելն անթույլատրելի է:

«Կարևոր է, որ բանակում նոր մշակույթ, նոր սիստեմ ստեղծվի: Մինչև բանակ գնալը բոլորը պետք է ոչ միայն բժշկական հետազոտություններ անցնեն այլ նաև փսիխո, որպեսզի կատեգորիաների բաժանվեն: Պետք է հասկանալ ով ինչի է ունակ,ով որտեղ կարող է ծառայել: Միայն բժշկական հետազոտություն անցկացնելով տանում ենք բանակ, դա մի քիչ սխալ եմ համարում: Նաև առաջարկում եմ ստեղծել նոր կառույց, որտեղ ռազմահայրենասիրական կազմակերպությունների միջոցով երիտասարդների համար նախքան բանակ գնալը դասընթացներ կազմակերպվեն և բանակի ժամանակ հետևողական լինեն այդ զինվորների վարքին:

Հաջորդ քայլը կարծում եմ այն պետք է լինի, որ նոր մշակույթ ստեղծվի որ բոլոր զինծառայողները արտոնություններ ունենան՝ թե բանկային համակարգում, թե տուն գնելիս, թե սովորելիս: Պետք է այնպես անել, որ նրանք իմանան հանուն ինչի են զոհաբերության գնում: Պետք է բանակ գնալը պատիվ համարվի,ցանկություն լինի գնալ, հիմա մարդիկ վախենում են, ամեն ինչ անում են՝ որ չգնան, այս ամենից վախ է առաջանում նրանց մեջ:

Զենքով երբեք ոչինչ չի լինում, հոգով է պետք պատրաստ լինել ու կռվել որպեսզի հաղթանակի հասնենք»,-ասում է Ալեքսանյանը:

Նա նշում է՝ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, բոլոր այն ընտանիքները, ովքեր ծառայության զինվոր են ուղարկում, պետք է գոնե այդ ժամանակահատվածում արտոնություններ ունենան:

«Տղադ գնաց, չգնաց բանակ դու մյուսներին հավասար ես, այդպես չպետք է լինի: Որդուն բանակ ուղարկած ծնողները պետք է հպարտությամբ ապրեն, որոշակի հարկային արտոնություններ ունենան»,-ասում է գնդապետը:

Արթուր Ալեքսանյանն ընդգծում է.
«Ամոթ է պարզապես, խաղաղության ժամանակ ինչպես կարող է ինքնասպանություն, այսքան մահ լինել: Կյանքումս ամենամեծ մարտը, որ վարել եմ անգամ այդքան զոհ չեմ տվել»:

Սակայն նաև հավելում է՝ այսօր ղեկավարությունը, ՊՆ նախարարը գիշեր ու ցերեկ մտածում են, փորձում են ամեն ինչ անել, որ հարթեն խնդիրները:

արթուր ալեքսանյան