Ինձ հայտնի չէ որևէ օլիգարխ, ում դատել են և բյուջե են բերել թեկուզ 1 դոլար. Բագրատյան

Եթե մարդկանցից գումար է բռնագանձվել, ապա դա ապօրինի է, վաղ, թե ուշ դրանք հետ են վերադարձվելու

«Վարչապետը ցանկացած հարց վերածում է բլեֆի։ Ինքը պետք է ասի, թե դա ինչ 105 մլն դոլար է. միշտ էլ տարիների ընթացքում կոռուպցիա կար։ Ինձ հայտնի չէ որեւէ օլիգարխ, որ դատել են, բյուջե են բերել են թեկուզ 1 դոլար։ Շատ հաճախ վերահաշվարկ կատարելիս պարզվում է մի փոքր շատ պետք է տաս բյուջեին, եթե դա իրենք համարում են փող տալ, սա միշտ է եղել։ Եղել է՝ 100 միլիարդ դրամով ապառքի վերադարձ ենք կատարել, նա ապառքի վերադարձը համարում է կոռուպցիայի դեմ պայքա՞ր»: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի վերադարձը Բագրատյանը բյուջեում չի տեսնում:

«Եթե մարդկանցից գումար է բռնագանձվել, ապա դա ապօրինի է եւ վաղ, թե ուշ դրանք հետ են վերադարձվելու։ Ոչ մի դրամ ինձ հայտնի չէ, որ բյուջե է մտել, չեմ կարող խոսել չեղած միջոցների մասին․ այլ եկամուտներ տողում չնչին գումար է նշված»,-ասաց նախկին վարչապետը՝ հավելելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռագանձման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններն արվում են, որ հարստությունը մարդկանց մի խմբից քաշեն դեպի իրենց։