Ալիևի հետ Մյունխենում իմ քննարկումը շրջադարձային նշանակություն ունի. Փաշինյան

Սա իմ կարևորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ ՀՀ ժողովրդի ԼՂ հարցի բանակցային գործընթացում ես որևէ գաղտնիք չեմ ունենալու

Մյունխենում Իլհամ Ալիևի հետ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պանելային քննարկումն ունի շրջադարձային նշանակություն. Հ1-ի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի մայիսին Ադրբեջանը փորձում էր ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանն ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այս խոսակցությունը հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանը՝ ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող: Սա ամենակարևոր արդյունքն է:

Բացի դրանից, սա իմ կարևորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ ՀՀ ժողովրդի ԼՂ հարցի բանակցային գործընթացում ես որևէ գաղտնիք չեմ ունենալու:

Անցել են ժամանակները, երբ հարցի նրբությունների էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ, հարցի բովանդակությանը պետք է տիրապետի ամբողջ հայ ժողովուրդը:Ինչ վերաբերում է հայրենասիրության մասին հարցին, ապա ես կարծում եմ, որ կարևոր բան է տեղի ունեցել և տեղի է ունենում. ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն:

Դրանք ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունք»,-ասաց վարչապետը։