Պարզաբանում՝ կալանավորի կողմից ամորձիները աթոռին մեխելու դեպքի մասին

Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ.Բ-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ կալանավորներից մեկը ամորձիները մեխել էր աթոռին:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ.Բ-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները:

Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է եւ կարող է վնասակար հետեւանքներ ունենալ վերջինիս առողջության վրա: Հ.Բ-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման, սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:

Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Հ.Բ-ին տրամադրվել է թերապեւտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ.Բ-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:

«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր  պարտականությունները՝ բուժօգնություն ցուցաբերելով  կալանավորված անձանց եւ դատապարտյալներին: