Հակապետական ուժերը նրանք են, որոնք Սահմանադրության փոփոխության հարցը կբողոքարկեն ՍԴ-ում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե ուժ կա, որ չի ուզում ժողովրդին հարցնի այլ ուզում է ՍԴ-ից հարցնել, այս իրավիճակում բխում է որոշակի հետևություն. վարչապետ

«Ձեր ելույթում արեցիք մի հայտարարություն՝ ես ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը ովքեր կփորձեն իրավական կամ այլ ճանապարհով խոչընդոտ լինել ժողովրդի ազատ կամաարտահայտմանը, նրանք կարժանանան ուժեղ հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական, հակապետական ուժեր, իսկ բոլոր նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իրավունքը, նրանք կդասվեն ժողովրդի ապագան կերտող նվիրյալների»,-կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչ նկատի ունեիք:

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հիշեցրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ վարչապետի արած նրա արտահայտության մասին.

«Մի հատ կարևոր նրբություն կա, ասել եմ՝ իրավական խոչընդոտ: Ակնարկել եմ, եթե այս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա կգնահատենք այդպես, որովհետև մենք ասում ենք՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք և ապահովենք ժողովրդի ազատ կամաարտահայտությունը, եթե ուժ կա, որ չի ուզում ժողովրդին հարցնի այլ ուզում է ՍԴ-ից հարցնել, այս իրավիճակում բխում է որոշակի հետևություն»,- ասաց նա և նշեց, երբ ինքն ասում է ժողովրդի կամքի ազատ արտահայտում պետք է ապահովել, ասում է՝ այդ նույն փաստարկները գնան ժողովրդին ասեն:

«Թող ժողովուրդը ձեր փաստարկներին հավատա և ըստ ձեր փաստարկների քվեարկի, մենք էլ մեր փաստարկները կբերենք»,- ասաց նա:

Տեսանյութը՝ tert.am-ի