«Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին». պատգամավոր

Մեր երկիրն այս պահին իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի

Մեր երկիրն այս պահին իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի: Հանրաքվեի համար ծախսվող գումարի համար այնքան կարեւոր գերակա ուղղություններ կան. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվող գումարներին:

Պատգամավորն ուշագրավ համեմատություն է արել՝ նշելով, որ Հրայր Թովմասյանն իր տրանսֆերով գերազանցել է եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին:

«Եթե մեր երկրում տնտեսական հեղափոխությունը հաղթանակած լիներ, եթե մարդկանց կենսամակարդակը բարձր լիներ, ուրիշ ծախսելու տեղ չունենայինք, գոնե մեղմացուցիչ հանգամանք կլիներ հանրաքվեի համար այդքան գումար ծախսելը: Բայց այս երկրում, որտեղ բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ կան, տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված, վերցնել մեկ անձից ազատվելու համար այդքան փող ծախսել, անընդունելի է»,-ասել է նա: