ԼՀԿ-ի և «Լույս»-ի անդամները «քչփորում» էին աղբամաները, հետո առաջ բերեցին «ԿամԱԶ-ների» պատմությունը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ որևէ բան չի բացահայտվել

«Այս օրենքը նրա մասին է, որ ամբողջ ամառ «Լուսավոր Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները Երևանի աղբամանների շուրջ սելֆիներ էին անում, «քչփորում» էին Երևանի աղբամաները, հետո առաջ բերեցին «ԿամԱԶ-ների» պատմությունը, վերջնարդյունքում որևէ բան չբացահայտվեց, որևէ արտառոց բան տեղի չունեցավ, պիտի մի բան անեին, բերել են այս օրենքի նախագիծը»,- Աժ քննարկմանն այսօր ասաց նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Թեմայի քննարկման շարժառիթը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, ով հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում խոստում էր հնչել հայտնի «ԿամԱԶ-ների» գործով նախագիծ ներկայացնել և փարատել հանրության կասկածները և մտահոգությունները: «Եթե հասարակության մոտ տպավորություն կար, որ այդ նվերները գաղտնի են պահվում և կարող է կոռուպցիա դիտարկվել, ապա այս նախագծով արձանագրում են այն փաստը, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավորվում են մեկ շաբաթվա ընթացքում նվիրատվության մասին տեղեկատվությունը տեղադրել կայքում»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։